Հետաքրքիր պատմություններ հերոս Մոնթեի կյանքից

Նախքան բուն պատմությանը անդրադառնալը պետք է նշել, որ Մոնթեն բազմակողմանի զարգացած մարդ է եղել։ Սա ապացուցում է նաև նրա անցած կյանքի ուղին։

1975 թվականին Մոնթեն ընդունվել է Կալիֆորնիայի Բերքլի համալսարան` պատմության և հնագիտության բաժին: Երկար ժամանակ այցելել է կարատեի խմբակներ և 4 անգամ դարձել Կալիֆորնիա նահանգի չեմպիոն:

Այցելել է Հարավային Կորեա, որտեղ 5 ամիս ապրել է բուդդիստական վանքում և ուսումնասիրել տարածաշրջանի փիլիսոփայությունը: Տիրապետում էր իսպաներեն, ճապոներեն, ֆրանսերեն, արաբերեն, անգլերեն և իտալերեն լեզուների:

1991-ի սեպտեմբերին մեկնել է Արցախ, որտեղ ձեռք բերեց Ավո կեղծանունը: 1992թ.-ին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այնպիսի համբավ ձեռք բերեց բնակիչների մոտ, որ շատ մարտունեցիներ իրենց երեխաների անունը դնում էին` Ավո կամ Մոնթե:

Ներկայացնենք հետաքրքիր պատմություններ նրա կյանքից։

Մի քանի զինվոր, քեֆները լավ Ավոյին տեսնելով, փորձում են ճանապարհը շեղել։ Ավոն, նկատելով նրանց, կանչում է ու ժպիտով հարցնում.

— Քեֆներդ մարխո՞շ է, հա՞։

Ապա շրջվելով կանչում է ուստա Սուրենին (ուստա Սուրենը տարիքն առած ղարաբաղցի էր, պահեստապետը։ Պատժվողներն իրենց պատիժը կրում էին նրա պահեստում)։

— Ուստա Սուրեն, ասոնց ձգե նկուղը, դուռն էլ ամուր կողպե։

Քիչ հետո սկսվում է թուրքերի հարձակումը։ Զգացվում է «կալանավորվածների» կարիքը։ Մոնթեն նորից ձայն է տալիս.

— Ուստա Սուրեն, նկուղի դուռը բաց։

Մարտից հետո, երբ վերադառնում են զորանոց, Մոնթեն կանչում է տղաներին և պատվիրում ուստա Սուրենին, որ հինգին էլ «պարգևատրի» մեկ տուփ ծխախոտով (այն օրերին օրը 6 հատիկ էր սահմանված), ապա ավելացնում է.

— Պարգևատրելեն ետքը նորեն ձգե նկուղը։

Տղաները ծիծաղելով ստանում են «պարգևը» և իջնում նկուղ։Նշենք, որ Մոնթեն չէր սիրում, երբ ինչ-որ մեկը ալկոհոլ էր օգտագործում։

Մեկ այլ պատմության համաձայն Ղարաբաղում պատերազմի օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք Է ծառայեր միայն ռազմական նպատակների։ Ավոն այն վերահսկում Էր խստորեն։ Մի անգամ մթնշաղին հայգյուղացին, լսելով, որ Ավոն ինչ — որ տեղ Է գնացել, լամպը ձեռքին մոտենում Է զորանոցին ու դիմում հերթապահ զինվորին.

— Որդիս, լսել եմ Ավոն տեղ է գնացել, մի բաժակ սալյարկա տվեք` լամպը էսօր վառենք, որդիս դիրքերից տուն է եկել։

Զինվորը, որին մթության քողի տակ չէր ճանաչել գյուղացին, ժպտում է։ Ապա մոտ կանչելով անցնող զինվորին ասում է.

— Մեկ դույլ սալյարկա տվեք հայրիկին։

–Վա՜յ, Ավո ջան, դո՞ւ ես, քե մատաղ, բա ասել էին՝ գնացե՞լ ես…