Ինչու՞ էին հնում հայերը Ամանորը տոնում օգոստոսի 11-ին

Իսկ դուք գիտե՞ք, որ ժամանակը ճիշտ հաշվարկելու կարողությունը գաղտնիքների և առեղծվածների բացահայտման բանալին է: Մեզ հասած գրավոր վկայությունները ապացուցում են, որ հազարավոր տարիներ առաջ հայկական հողում ապրող մարդիկ ոչ միայն տիրապետում էին ժամանակի մասին գիտությանը, այլև կարողանում էին կիրառել իրենց գիտելիքները գործնականում։

Հայտնի է, որ Նավասարդը կամ հայկական Ամանորը մարդիկ նշում էին օգոստոսի 11-ին: Բայց այսեղ առաջանում են բազում հարցեր։ Ինչո՞ւ հենց այդ օրը: Ի՞նչ գաղտնիք է պարունակում այդ ամսաթիվը և այլն։ Փորձենք պատասխանել վերը նշված հարցերին։

Օրիոնի համաստեղությունը դուրս է գալիս տեսանելիության գոտուց օգոստոսի սկզբին և հենց ամսի 11-ին առավոտյան ժամը 4-ին այդ գործընթացը հասնում է կուլմինացիային, ավարտին: Այս գործընթացը տեղի է ունենում 25920 տարին մեկ անգամ և խորհրդանշում է նոր տիեզերական տարվա սկիզբն ու հնի ավարտը:

Հայաստանում Օրիոնն անվանում են Հայկի համաստեղություն: Հին հայկական օրացույցի համաձայն՝ հայկական տարեգրությունը սկսվում է մ.թ.ա. 2492 թվականին, երբ հայ ժողովրդի նախահայր Հայկ Նահապետը եռաթև նետով սպանում է բռնակալ Բելին, որը ներկայացնում է Ցլի համաստեղությունը:

Պատմության մեջ պահպանվել է մի գեղեցիկ ավանդույթ, որի համաձայն՝ օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը ժողովուրդն արքայի գլխավորությամբ հավաքվում էր Նպատ լեռան ստորոտին՝ Արածանի գետի ափին, և սպասում աստղի երևալուն: Տոնակատարությունը շարունակվում էր մի քանի օր և ավարտվում համընդհանուր տոնով:

Ի դեպ, 2007 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանում հին հայկական տոմարով նշեցին 4500 թվականը: Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում հին հայկական օրացույցը դուրս եկավ կիրառությունից և մոռացվեց:

«Նավասարդ» բառը  մեկնաբանվում է այսպես՝ «նոր ասի ժամանակաշրջան»: Այսպիսով օգոստոսի 11-ը պատահական ամսաթիվ չէ, այն տիեզերական-մոլորակային մասշտաբի գործընթացների սկիզբն է: