Թուրքիայում հայտնաբերվել է ՀԱՅ կնոջ գերեզման իր թանկարժեք զարդերով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վան նահանգի Հայոց Ձոր շրջանում պեղումները հայտնաբերել են Վանի թագավորության մի կնոջ գերեզման, որը թաղված է եղել բազմաթիվ զարդերով: Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT պետական հեռուստառադիոընկերության կայքը։

Կնոջ մնացորդները կուսումնասիրվեն մարդաբանական լաբորատորիայում, որից հետո պարզ կլինեն նրա մահվան պատճառները և ճշգրիտ տարիքը:

Թուրքական լրատվամիջոցների թղթակցի հետ զրույցում պրոֆեսոր Չավուշօղլուն ասել է, որ ավելի վաղ այդ պեղումները «հաստատել են, թե որքան կարևոր էր Վանի թագավորության բնակիչների համար մեռելներին զարդերով թաղելու ավանդույթը»:

«Վերջին գերեզմանը, որը մենք պեղել ենք, պատկանել է 20-25 տարեկան մի կնոջ։ Այստեղ հատկապես կարևոր էր, որ այդ կինը թաղվի իր բոլոր զարդերով։ Այս կմախքը ցույց է տալիս, որ Վանի թագավորության ժամանակ կանանց զարդարելու արվեստը շատ բարձր մակարդակի վրա է եղել։ Մենք համոզված ենք, որ այդ կմախքը պատկանում է ազնվական ծագում ունեցող կնոջը»։

Թուրք գիտնականը նաև հայտնել է, որ կմախքի վրա հայտնաբերվել են երկու ապարանջան, բրոնզե մատանի, ականջօղեր և կիսաթանկարժեք քարերից պատրաստված վզնոց: