Ինչպե՞ս գյումրեցի երիտասարդը գողացավ Մատենադարանի թանկարժեք գրքերը

1984 թ-ին Մատենադարանում պահվում էր 16 210 ձեռագիր, մանրանկարներ, գրքեր, որոնք անգնահատելի արժեք էին։ Սակայն, պարզվում է՝ նույն 1984թ-ին Մատենադարանի բացառիկ գրքերից երկուսը գողացել են։

Դեպքը տեղի է ունեցել «Մոսկվա-Երևան» արագընթաց գնացքում, որով Մատենադարանի գիտաշխատող Ելենա Խալդարյանը գործուղումից տուն էր վերադառնում։ Գնացքը կարճ կանգառ կատարեց Կուրսկում, և երբ շարունակեց ճանապարհը, չորս ուղևորի համար նախատեսված «կուպե» մտավ երրորդը։ Երիտասարդը բարևեց, ներկայացավ Անդրանիկ անունով, ճամպրուկը դրեց վերևի քնադարակին, բարձրացավ այնտեղ և քիչ անց քնեց։

Վաղ առավոտյան արթնանալով՝ Խալդարյանը չգտավ ո՛չ ճամպրուկը, ո՛չ էլ դարակում դրված երկու տուփերը։ Երիտասարդը ևս չկար։

Անհետացած տուփերից մեկում տիկին Ելենան տեղավորել էր Մատենադարանից վերցված երկու գրքերը. Խալդարյանը դրանք տանում էր Մոսկվա` ռուսերեն թարգմանելու։ Երևան հասնելուն պես նա դիմեց ոստիկանություն և հայտնեց կողոպուտի մասին։

Երիտասարդն այդ ընթացքում հասավ հարազատ Ղարիբջանյան գյուղ, որը գտնվում է Շիրակի մարզում, բացեց գողացված տուփերը և հայտնաբերեց, որ ներսում գրքեր են։ Թերթելով, հասկացավ, որ ոստիկանությունը թույլ չի տա, որ նման հազվագյուտ իրերն անհետանան։ Մյուս արկղում զանազան թղթեր էին, դրանց մեջ նա մի նամակ գտավ, ծրարի վրա` հետադարձ հասցեն։

Երիտասարդը  որոշեց անձամբ գրքերը տեղ հասցնել։ Նա եկավ Երևան, գտավ շենքը, բնակարանը, սեղմեց զանգի կոճակին  և աստիճաններով ներքև սլացավ։

Դուռը բացեց տանտիրուհին, տեսավ ստվարաթղթե տուփը և առանց երկար մտածելու նրան հրեց միջանցք։ Ինչպես պարզվեց հետագայում՝ Անդրանիկը չափազանց շտապելու պատճառով սխալ հասցեով էր գնացել․ Երիտասարդական փողոցում գտնվող շենքի փոխարեն՝ տուփերը հասցրել էր Երիտասարդական փակուղու շենք։

Հաջորդ առավոտյան հարևանուհին տեսավ միջանցքում դրված տուփը, որի մեջ մի կույտ թուղթ կար, և որոշեց այն աղբը նետել։ Բայց այդ պահին աչքով ընկավ Մատենադարանի ծառայողական անցագիրը, և կինը որոշեց գնալ և տեղում պարզել ամեն ինչ։

Այսպես էլ ավարտվեց պատմությունը, որը կարող էր առհասարակ չսկսվել, եթե գրքերը, որոնց տեղն ընթերցասրահն է, չհայտնվեին գնացքի վագոնում։