Հայրենասեր երիտասարդության կուռքը 20-րդ դարում. ո՞վ էր այն ՀԱՅՈՒՀԻՆ, ով մասնակցեց Աբդուլ Համիդի սպանությանը
Ռուբինա Արեշյանը (1881-1971) խիզախ հայուհի է՝ 20-րդ դարասկզբի հայրենասեր երիտասարդության կուռքը։
Նա ընդամենը 24 տարեկան էր, երբ 1905թ․ զինակիցների հետ մեկտեղ մասնակցեց սուլթան Համիդ II դեմ կազմակերպված մահափորձին` Պոլսում (Կոստանդնուպոլիս)։Այս հույժ կարևոր գործողության ժամանակ նրանք ժամացույցի մեխանիզմի միջոցով պայթեցրին կառքը, բայց սուլթանը հրաշքով ողջ մնաց։
Ռուբինան ծնվել է Թիֆլիսում՝ կալվածատիրոջ ընտանիքում և վաղ հասակից ներգրավվել հայկական ազատագրական պայքարի մեջ։ Լինելով համարձակ ու նպատակասլաց՝ նա շուտով հարում է Դաշնակցությանը, որն էլ և նախապատրաստել էր համիդի սպանությունը․ սուլթան, ում ձեռքերը թաթախված էին տասնյակ հազարավոր քրիստոնյաների արյունով և որի պատճառով էլ նա ստացել էլ «արյունոտ» մականունը։

Մահափորձն իրականացնելու նպատակով նրանք մեծ դժվարությամբ գնեցին թանկարժեք կառք, որի գաղտնամասում տեղադրեցին ժամացույցի մեխանիզմի օգնությամբ աշխատող հզոր պայթուցիկ։ Այն պետք է պայթեր սուլթանի՝ մզկիթից դուրս գալու պահին։ Սակայն պատահականության բերումով սուլթանը մզկիթի դռան առաջ ոտքը կախ է գցում, ինչն էլ փրկում է նրա կյանքը, բայց պայթյունի զոհ են դառնում տասնյակ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ռուբինան Հայաստանի առաջին հանրապետության ապագա վարչապետ Համազասպ Օհանջանյանի (1920թ․, մայիս-նոյեմբեր ) կինն է։ Վերջինիս 1908թ․ ցարական Ռուսաստանի կառավարությունը կեղծ մեղադրանքով աքսորեց Սիբիր․ Ռուբինան Սիբիր տանող ճանապարհին միացավ ամուսնուն։Նրանք վերադարձան Հայաստան 1915թ․, իսկ 1921թ․՝Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո հաստատվեցին Կահիրեում, ուր Ռուբինան շարունակում է իրենց կողմից հիմնադրած «Համազգային» կոչվող կազմակերպության շրջանակներում ակտիվորեն պայքարել հանուն հայկական ինքնորոշման պահպանման։