Ո՞վ է կինեմատոգրաֆիայի հայ արքան, ով կինոյի պատմության մեջ առաջին անգամ նկարահանումներ իրականացրեց տաղավարից դուրս

Առաջին հայը, ով զգալի հաջողությունների հասավ Հոլիվուդում  Ռուբեն Մամուլյանն էր: Հենց նրանով էլ սկսվում է Օսկարի հայկական պատմությունը: 1931 թվականին էկրան բարձրացավ «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» սարսափ ֆիլմը, որն առաջադրվեց Օսկարի միանգամից երեք անվանակարգում՝ լավագույն դերասան, բեմադրություն և սցենար:

Թեև Օսկարի արժանացավ միայն գլխավոր դերակատարը, ֆիլմն այդ թվականների համար իսկական հեղափոխություն էր:

Ֆիլմի էկրան բարձրանալուց երկար ժամանակ անց էլ դեռևս գաղտնի և անհասկանալի էր մնում գլխավոր հերոսի՝ Ջեքիլի վերամարմնավորման տեսարանը: Միայն տարիներ անց Ռուբեն Մամուլյանը հարցազրույցներից մեկում խոստովանեց,  թե ինչ հնարքներով է ստացել այդ տեսարանը:

Նա դա իրականացրել էր՝ օգտագործելով հատուկ գունային ոսպնյակներ, որոնք ճիշտ համադրված էին մանրակրկիտ կատարված գրիմի հետ:

Առհասարակ, կարելի է ասել, որ Մամուլյանը կինեմատոգրաֆիայում նորարության արքան է: Նա էր, որ ֆիլմում առաջինն օգտագործեց երկու խոսափողով ձայնագրումը:

Մամուլյանն առաջինն կատարեց մեկ ձայներիզի վրա մոնտաժը: Հենց նա հրաժարվեց միայն տաղավարային նկարահանումներից և կինոյի պատմության մեջ առաջին անգամ շարժվող և միանգամից մի քանի տեսախցիկների միջոցով նկարահանումներ իրականացրեց փողոցում, բնության մեջ, սրճարաններում:

Կադրից դուրս ձայնը նույնպես առաջին անգամ հնչեց նրա «Քաղաքի փողոցները» ֆիլմում, իսկ «Բեքի Շարփ» ֆիլմը դարձավ կինոյի պատմության մեջ առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարը:

Նա ամերիկացիների և Հոլիվուդի համար բացահայտեց եվրոպական աստղեր Գրետա Գարբոյին և Մառլեն Դիտրիխին: Թբիլիսիում ծնված հայ տղային հաջողվեց հեղափոխել կինոաշխարհն ու զարգացնել կինեմատոգրաֆը: