Արցախյան պատերազմի դաշտում խաչով ու սրով․ Նարեկ սարկավագը

Նարեկ սարկավագ Պետրոսյանը 32 տարեկան էր, երբ սկսվեց  Արցախյան 44-օրյա պատերազմը։ Նա ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդության սպասավոր էր, գնդերեց։

Նարեկը շատ էր սիրում իր հողն ու հայրենիքը։ Լինելով հայրենասեր՝ իր կյանքն ու ծառայությունն էլ նվիրել էր իր հայրենիքին՝ լինելով թե՛ զինված ուժերում, թե՛ հոգևոր կյանքում։

Ծնվել է 1988 թվականին, Արցախում՝ Ստեփանակերտում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր՝ Մարիամ-Աշխենը։

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Նարեկ սարկավագին ճանաչել է դեռ մանկուց։ Սրբազան հայրը նրան անվանում է «ազնիվ հոգի», ով հոգևոր ճանապարհը վաղուց էր ընտրել։

Նարեկ սարկավագը պայքարող տեսակ էր, հայրենիքի ամեն մի կտոր հողն արժևորող։ Տեսագրություններից մեկում նա պատերազմի օրերին զինվորներին ասում է․ «Հիմա ավելի մեծ օրեր են, քան Ավարայրն ու Սարդարապատն են։ Իմացեք, որ ապագայում դուք լինելու եք կենդանի հերոսներ, լեգենդներ և ապագայում այս ամենի մասին գրելու է»։ Պատերազմի օրերին նա կռվում էր ամենաթեժ կետերում, մկրտում շատ զինվորներին։

Այդպես քաջորեն էլ նա անմահացավ հոկտեմբերի 29-ին, հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ ՀՀ նախագահի հրամանագրով Նարեկ սարկավագ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Պարգևը ստացել է նրա այրին՝ Մարիամ Բզնունին։