Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, ԼԵԳԵՆԴ դարձած 3 մեծամորցի հերոսների անվան խաչքար-հուշարձան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած մեծամորցիներ Մուշեղ Մկրտչյանի, Մասիս Դունամալյանի և Աշոտ Մարտիրոսյանի անուններով խաչքար-հուշարձանի բացման արարողություն։

Արարողությանը  ներկա էին հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

Սպիտակ սավանը խաչքարի վրայից իջեցրեցին հերոսների հարազատները, որից հետո հոգևոր հովվի կողմից հնչեցվեց Տերունական աղոթքը, ապա օծվեց խաչքարը, ինչից հետո ներկաները ծաղիներ խոնարհեցին խաչքարին։ 

Երեք տղաներից երկուսը` Աշոտ Մարտիրոսյանն ու Մուշեղ Մկրտչյանը, ժամկետային ծառայողներն էին, իսկ մյուսը`Մասիս Դունամալյանը կամավոր էր: Այսօր Մասիս Դունամալյանը պարգեւատրվել է Արիության մեդալով: Աշոտ Մարտիրոսյանը պարգեւատրվել է Մարտական խաչ երկրորդ աստիճանով:

Մասիս Դունամալյանը պատերազմի հենց առաջին օրը մեկնել է Արցախ եւ մասնակցել ամենաթեժ մարտերին: Գյուղացիների խոսքով` փոքրուց հայրենասեր տղա էր: Իսկ Աշոտ Մարտիրոսյանն ուսումն է կիսատ թողել եւ իր կամքով մեկնել է ծառայության: Նա հնարավորություն է ունեցել ավելի ուշ մեկնել զինվորական ծառայության: Սակայն հայրենասեր երիտասարդը որոշում է կայացրել նախ Հայրենիքին պարտքը մատուցել, ապա նոր իր կյանքը դասավորել: