«Ալե..» Փոքրիկ Էդգարը միայն երազում ամուր ու կարոտած հոգով գրկեց ՀՈՐՈՍ ԵՂԲՈՐԸ. անհնար է զսպել արցունքները…

1 տարեկան 9 ամսական Էդգարը եղբոր՝ Ալեքսի նկարը ձեռքին, աչքն էլ հայրիկի հեռախոսին՝ թնկթնկում էր, եղբորն էր կարոտել, նրա զանգին էր սպասում, որ զանգի, իրեն բարի գիշեր մաղթի ու հետո ինքը նոր միայն հանգիստ ու մուշ-մուշ քուն մտնի։

Իսկ որտե՞ղ էր Ալեքսը։ Նա  զինվոր էր, Հայոց բանակի զինվոր։ Շատ էր սիրում այս դաժան աշխարհից դեռևս ոչինչ չհասկացող իր փոքրիկ եղբորը։ Ամեն երեկո, ինչ էլ լիներ, որտեղ էլ լիներ՝ դիրքերում, թե զորամասում, նա անպայման զանգում էր Էդգարին, որ  փոքրկը լսի իր ձայնը, ապա գոհ և ուրախ ընկղմվի մանկակն գունավոր երազների գիրկը։

Բայց օրերից մի օր Ալեքսը չզանգեց։ Փոքրիկ Էդգարը չէր հասկանում՝ ինչու՞։ Ալեքսը չզանգեց նաև հաջորդ օրերին։ Էդգարը տեսավ իր համար տարօրինակ մի բան՝ զինվորական համազգեստվ եղբոր նկարը՝ երիզված սև ժապավենով։ Նա չէր կռահում ու հասկանում, թե ինչ է դա։ Միայն թաթիկը պարզելով հայրիկի հեռախոսին, վերցնում էր այն, ապա գիրկն առնելով եղբոր նկարը, կանչում էր թոթով. -Ալե… Ալե…

Իսկ երբ հեռախոսի զանգն էր հնչում՝ արդեն լացակումած էր դառնում նրա ձայնը և այն գրեթե խլում էր մեծերի ձեռքերից.

-Ալեեեեեե…

Իսկ Ալեքսը հերոս էր։ Խիզախ, անվեհեր մարտնչել էր թշնամու դեմ։ Սակայն… ոսոխի դավադիր գնդակը խոցել ու հավերժի ճամփորդ էր դարձրել նրան։ Փոքրիկ Էդգարը չգիտեր այդ մասին, իմանար էլ՝ չէր հասկանա։ Միայն տեսնում էր հարազատների վշտահար դեմքերը, նրանց խոնավ ու կարմրած աչքերը և չէր ընկալում, թե ինչու է այդպես:

Նրա համար ցավալին առավելապես այն էր, որ սիրելի ավագ եղբոր՝ Ալեքսի հեռախոսազանգն ուշանում էր։ Եվ նա իր անհանգիստ ու տրոփուն սրտիկով, մորը կորցրած եղնիկի պես, փնտրում էր եղբորը, փնտրում ու չէր գտնում։ Եվ մի օր էլ նույն կերպ եղբոր զանգին սպասելով, մի ձեռքը հայրիկի հեռախոսին մեկնած, մյուս ձեռքով Ալեքսի նկարը գրկած ու խոնավ աչուկներով քուն մտավ։

Շատ չանցած սկսեց ժպտալ։ Նա երազ էր տեսնում։

-Բարև Էդգարս,-Ալեքսն էր իր սիրուն ժպիտով և զինվորական համազգեստով, որ գրկեց Էդգրին ու սկսեց կարոտով գգվել։

-Ալե…,-Կարոտել եմ, ինչու՞ չես զանգում, իր փամփլիկ թաթիկները դնելով եղբոր այտերին՝ թոթովեց փոքրիկ Էդգարը, ապա անհուն կարոտով գրկեց եղբոր վիզը։

-Եղբա՛յրս, պատերազմ էր, ու ես իմ ընկերների հետ մարտնչում էի հանուն քեզ, հանուն հայրիկի, մայրիկի, հանուն բոլորիս, որ երկիրն ազատենք նենգ ոսոխից,-եղբորը համբուրելով ասաց Ալեքսը։

-Չէ՛, Էդգա՛րս, դու մի լացի,-եղբորը հանգստացրեց զինվորական համազգեստով Ալեքսը,-ես քեզանից չեմ հեռացել, ես քո փոքրիկ սրտիկի մեծ տնակում եմ ապրում,-ձեռքը դնելով փոքրիկի սրտին՝ ասաց նա ու շարունակեց,-ես կապրեմ այնքան, որքան ինքդ ինձ հիշես ու քո բարի գործերով ապրեցնես։

Էդգարը գլուխը դրած եղբոր կրծքին՝ քիչ-քիչ դադարում էր լացելուց, իսկ Ալեքսը կարծես հասկացել էր ինչպես հանգստացնել փոքրիկին։-Եղբա՛յրս, դու դեռ անելիքներ շատ ունես։ մեծացիր ու ապրիր այնպես, որ քո արարքներով ապրեցնես ինձ ու իմ զինակից նահատակ ընկերներին, որ կրկին ընկան քո խաղաղ կյանքի համար։

Իսկ Էդգարն արդեն խոնավ իր աչքերով, բայց լայնաժպիտ ժպտում էր եղբոր գրկում։ Ալեքսը կրկին համբուրեց եղբորը և շարունակեց իր խոսքը.

Էդգա՛րս, իմ փոքրիկ, իմ սիրելի, իմ համով եղբայր, դու ինձ չես տեսնում, բայց ես երկնքից տեսնում եմ քեզ ու դարձել եմ քո պահապան հրեշտակը, որ միշտ հսկեմ քո անմեղ ու անգին քունը։ Դու փոքր չես մնա, անպայման կմեծանաս, և երբ գիշերը դուրս գաս երկնքին նայես՝ աստղի տեսքով կժպտամ ես քեզ, իսկ եթե դուրս գաս քայլելու՝ աստղի ճառագուն իմ փայլով կլուսավորեմ քո ճամփան։

Ցերեկներն էլ դառնում եմ արծիվ ու երկնքի և երկրի սահմանն եմ հսկում, որ բորենի հակառակորդն իր ձեռքը չհասցնի քեզ և մյուս անմեղ փոքրիկներին։ Հիշի՛, դու՛ պիտի սփոփես մեր եղբորը, ապա հայրիկին և մայրիկին։ Ես նրանց քե՛զ եմ թողել, իմ անգին եղբայր,-ավարտելով խոսքը՝ Ալեքսը սրբեց Էդգարի փայլուն աչքերը, որ արդեն փայլում էին ժպիտից և վերջինս իր գլուխը դնելով եղբոր ուսին՝ քնեց հանգիստ ու անվրդով։ Ալեքսը շարունակում էր կարոտագին գգվել ու համբուրել իր գրկում խաղաղ քնով քնած եղբորը։