Ինչպե՞ս մի քանի անգամ հրաշքով փրկվեցին թուրքի յաթաղանի ճիրաններից. ԵՐԿՈՒ ՀԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Կարինեն գրում է․“Պապիկս` Պողոս Ղազարի Վարդանյանը ծնվել է Վանի վիլաեթի Արծկե գավառում 1908թ-ին, պատմում էր, որ 1914 թ-ին, երբ սկսվել է քրդերի հարձակումը, նրա հայրը և երեք եղբայրները գնում են սարերը: Իրենք համագյուղացիների հետ ֆիդայնական ջոկատ են ստեղծում քրդերի և թուրքերի դեմ կռվելու համար:

Եղբայրներից մեկը իջնում է գյուղ հաց տանելու համար, սակայն քրդերի կողմից բռնվում է և սպանվում: Նրան գցում են ջրհորը,առավոտյան ջրհորից ջուր տանելուց գյուղացիներից մեկը, տեսնում է դիակը և ճանաչում, հետո գալիս է և տեղեկացնում մորը: Պապիկիս հայրը և երկու եղբայրները նույնպես զոհվում են: Մի անգամ քրդերը հարձակվելով գյուղի վրա երեխաներին հավաքում են և լցնում են մարագը՝ վառելու նպատակով;Նրանք գալիս են պապիկիս և եղբորը նույպես տանելու համար, սակայն պապիկիս մայրը աղաղակ է բարձացնում և միայն բախտի բերմամբ կարողանում է փրկել երեխաներին, քանի որ քրդերի շեյխը ճանաչում էր նրան և խորհուրդ է տալիս երեխաներին վերցնել ու հեռանել այդտեղից, քանի որ թուրքերը պատրաստվում են հարձակման:

Պապիկիս մայրը երկու երեխաներին վերցրնում է և գնում է Բաղդադ։ Որոշ ժամանակ անց լսելով,որ իրավիճակը մեղմացել է նորից վերադառնում է տուն : Սակայն 1915-ին, երբ սկսվում են մասսայական ջարդերը, նա երեխաների հետ բռնում է գաղթի ճանապարհը: Նրանք գալիս են Էջմիածին․ այդտեղ պապիկիս մայրը գտնում իր եղբորը և երեխաների հետ գնում է Արտաշատ, իսկ եղբայրը` Շամխոր:

Արտաշատում պապիկիս մայրը հիվանդանում է դեզինտերիայով և մահանում: Երեխաները մնում են միայնակ ու որբ: Ծանոթները տեսնելով, այդ նրանց հանձնում են որբանոց: Պապիկի եղբայրը իրենից 2 տարով մեծ է լինում: Որբանոցի ղեկավարությունը ցանկանում է նրան ուղարկել Կիսլավոդսկ՝ սովորելու։Պապիկիս եղբայրը որոշում է վերադառնալ Արտաշատ իրենց ծանոթներին տեսակցելու, սակայն նա գնում է և այպես էլ չի վերադառնում:

Պապիկս շատ է փնտրում եղբորը, սակայն ապարդյուն: Ըստ տվյալների ենթադրվում է , որ նրան Զանգիբասարի թուրքերը ճանապարհին սպանել են:Պապիկս մնում է մանկատանը մինչև 1928-ը, երբ Գևորգյան եղբայրների կողմից ստեղծվում է Կարմիր Հովիտ Կոմունան՝ Ախտայի (այժմ Հրազդանի) շրջանում:Տատիկս` Արփիկ Եփրեմի Վարդանյանը (Գևորգյան) ծնվել է Ղարսում 1914թ-ին: 1915թ-ին տատիկս ծնողների և բարեկամների հետ գաղթում են Վրաստան–Թիֆլիս:

Մինչև 1918թ-ը ապրում են Թիֆլիսում, այնուհետև տատիկիս հայրն ու մայրը երեխաներին (տատիկս ունեցել է իրենից փոքր եղբայր) թողնում են հորաքույրների մոտ և նորից վերադառնում են Ղարս: Սակայն թուրքերը տատիկիս մորը առևանգում են (տատիկս ասում եր , որ իր մայրը շատ գեղեցիկ կին է եղել), հայրը նորից վերադառնում է Թիֆլիս, որտեղ և մահանում է:Մի օր երեխաները Քուռի ափին խաղալիս են լինում , նրանց հավաքում և տանում են որբանոց:

Տատիկիս ու եղբորը տանում են տարբեր մանկատներ : Տատիկիս ցանկանում են տանել ԱՄՆ, որդեգրման նպատակով, սակայն նա չի համաձայնվում, մնում է մանկատանը մինչև 1928-ը, երբ Գևորգյան եղբայրների կողմից ստեղծվում է Կարմիր Հովիտ Կոմունան Ախտայի (այժմ Հրազդանի) շրջանում: Հետագայում տատիկս փնտրում է եղբորը, սակայն պարզվում է ,որ նա մահացել է:Տատիկս ու պապիկս ունեցել են 6 երեխա -5 աղջիկ և մեկ տղա: Նրանք այդ գյուղում բնակվել են մինչև 1957թ-ը ,ապա տեղափոխվել՝ Երևան:Պապիկս զբաղվել է մեղվաբուծությամբ, իսկ տատիկս եղել է տնային տնտեսուհի: Մահացել է 1988թ-ին, տատիկս` 2001թ-ին:”