5 օր կռվել է վիրավոր վիճակում. Հովհաննես Ալիշյանը զոհված մորեղբոր անունն է կրում

Հովհաննես Ալիշյանը ժամկետային զինծառայող է եղել 2016-2018 թվականներին, ծառայությունն անցել է Քարվաճառում: Սեպտեմբերի 27-ին տեսնելով, որ զոհվել է հրամանատարն, ում երեխան պետք է ծնվեր, մեկնել է մարտի դաշտ: Հովհաննեսը փոքր տարիքից «ի՞նչ ես դառնալու» հարցին պատասխանում էր՝ առաջին հերթին զինվոր:

Նա կրում էր իր զոհված մորեղբոր անունը՝ Հովհաննես, ծնողների սպասված զավակն էր՝ անչափ հոգատար մոր ու հոր հանդեպ: Հովհաննեսը մարտի դաշտում կռվել է վիրավոր վիճակում հինգ օր շարունակ: Պատերազմի դաշտից հոր հետ վերջին զրույցի ժամանակ ասել է.

Պապ, քո պատվին գրադ եմ խփելու: Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ շտապօգնության մեքենայում՝ հոսպիտալի ճանապարհին, ներքին արնահոսության հետևանքով:

Հովհաննեսը մարտի էր մեկնել ուրախ, ժպիտը դեմքին: Հույս ուներ, որ մեկ շաբաթից պատերազմը կավարտվի, տուն կվերադառնա:

Պատմել են, որ 75 հոգուց միայն նա էր ողջ մնացել, կռվել: Այժմ ոչ ոք չկա, որ պատմի՝ ինչ հերոսություններ է արել Հովհաննեսը, ոչ ոք ողջ չի մնացել: