Ինչպե՞ս հրեշտակները «վախեցրին» քանդակագործին

Սերգեյ Մերկուրովի ստեղծած մոնումենտալ քանդակները կանգնեցվել են խորհրդային գրեթե բոլոր հանրապետություններում, բայց քանդակագործի ամենահայտնի հավաքածուն նրա կյանքի ընթացքում մահացած մարդկանց ու համաշխարհային առաջնորդների հետմահու դիմակներն են, որոնց թիվը գերազանցում է 300-ը։ Դրանց մեծ մասի կրկնօրինակները պահվում են Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում, որը գտնվում է Գյումրու Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի անմիջական հարևանությամբ։

Քանդակագործ Մեկուրովի մասին շատ-շատերը գիտեն, բայց քչերին է հայտնի, որ նա նաև գրել է: Թանգարանում ցուցադրված է մի գիրք, որը, ճիշտ է, հրատարակել է Մերկուրովի ծոռը, բայց գրել է քանդակագործը: Գիրքը նվիրված է այդ ժամանակների հայտնի մարդկանց: Հեղինակը մտադիր էր գիրքը վերնագրել «Քարե հրեշտակներ»:

Փոքր հասակում Մերկուրովի մայրը որդուն միշտ տարել է եկեղեցի ու, ցույց տալով եկեղեցու հրեշտակների քանդակները, վախեցրել է որդուն. «Նայի՛ր, եթե քեզ լավ չպահեցիր, այս հրեշտակները քեզ կտանեն»: Եվ այդ հրեշտակները միշտ ուղեկցել են տղային:

Ասում են նաև, որ Մերկուրովի մոտ մահացածների հանդեպ «հետաքրքրությունը» դեռ մանուկ հասակում է զգացվել։

Նրանց տունը գտնվում էր Ալեքսանդրապոլի հին գերեզմանների մոտ, ու տղան հաճախ տանից փախչում ու գնում էր գերեզմանոց՝ տեսնելու, թե ինչպես են այնտեղ վարպետները տապանաքարեր պատրաստում: Հրեշտակները միշտ նրա հետ են եղել։ Նա  ռուսական քանդակագործության դպրոցում առաջինն էր, որ մոնումենտալիզմի մեջ օգտագործեց գրանիտը:

Մերկուրովը մասնագիտական կրթությունը ստացել է Թիֆլիսում, ապա Նախիջևանում։ Եղել է եվրոպական շատ երկրներում: Ճիշտ է` այդ ընթացքում բացակայել է հայրենի Գյումրիից, բայց կապը միշտ պահել է՝ եկել-գնացել է նույնիսկ այն բանից հետո, երբ հայրը որդուն դուրս է արել տանից։

Տունը, որտեղ ծնվել է Սերգեյ Մերկուրովը, 1869 թվականին կառուցել է քանդակագործի պապը՝ Ֆյոդր Մերկուրովը:

Մերկուրովը ծնվել է Ալեքսանդրապոլում 1881 թվականին նոյեմբերի 7-ին Կարինից գաղթած վաճառական Դմիտրի Ֆեոդորի և Պարֆենա Քրիստաֆորի Մերկուրովների ընտանիքում: Չնայած պաշտոնական փաստաթղթերում նշված է, որ Մերկուրովները հույն են, բայց քանդակագործը միշտ նշել է իր հայկական ծագումը, ավելին` նա հունարեն ոչ մի բառ չի իմացել, բայց շատ լավ խոսել է հայերեն, այն էլ` բարբառով: