Կյանքի ու մահվան սահմանագծում գտնվելը մեծ հետք է թողել նրա ստեղծագործական գործունեության վրա. ճանաչենք Արցախյան ազատամարտի մասնակցին

Խոսքը հայ նկարիչ, արվեստագետ, Արցախյան ազատամարտի մասնակից Մկրտիչ Ալֆիկի Տոնոյանի մասին է, ով ծնվել է 1974 թվականի  սեպտեմբերի 21-ին Երևանում:

Տոնայանը 1990-1995 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկար բաժնում։ Դեռ պատանեկան տարիներից լինելով ակտիվ հասարակական գործունեության մեջ, 1989 թվականի վերջերին մի խումբ համախոհ ընկերների հետ հիմնում են «Ազգային լեգեոն» երիտասարդական կամավորական ջոկատը, որի կազմում 1992 թվականի սկզբից մինչև 1994 թվականի հրադադարը մասնակցել է Արցախյան պատերազմին: 1994 թվականի ապրիլի 15-ին վիրավորվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ազատագրման ժամանակ։

1996-2002 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետում։ Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Ուսմանը զուգահեռ աշխատել է բանակում և զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ։ Գրել է հոդվածներ, ունեցել հեռուստաելույթներ մշակութային հիմնախնդիրների, հայ արվեստի ժառանգության և համաշխարհային գործընթացների մասին։ 1994 թվականից եղել է Ալեքսանդր Մելքոնյանի աշակերտը, ով հիմնել է մի նոր ուղղություն հայկական կոնցեպտուալ արվեստում, այն կոչելով՝ «Ռազմական գեղարվեստ»։ 2002 թվականին հիմնել է «Ակոս» մշակութային ՀԿ-ն և գործում է արվեստի դաշտում՝ հորինելով և իրականացնելով նաև ժամանակակից արվեստի նախագծեր, մասնակցելով բազմաթիվ հայաստանյան և միջազգային ցուցահանդեսների և այլ միջոցառումների։

Պատերազմի մասնակցությունը և նրա պատճառած ավերածությունների ականատես լինելը, կյանքի և մահվան սահմանագծում գտնվելը մեծ հետք է թողել նրա ստեղծագործական ուղղության և մտածելակերպի վրա։ 

Իր ստեղծագործական նախագծերում հաճախակի ներկայանում է «Լեգեոնական» (Legeoner) մականվամբ, ինչն արտացոլում է նաև իր պատերազմական և բանակային անցյալը՝ կապելով այն ստեղծագործական ուղու հետ։ Մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային արտ միջոցառումների և ցուցահանդեսների, ինչպես նաև ելույթ ունեցել մի շարք նշանավոր միջազգային բուհերում Հայաստանի ժամակակից արվեստի զարգացման ու նորահայտ «Ռազմական գեղարվեստ» ուղղության մասին։


Իր ստեղծագործական գործունեությանը զուգահեռ՝ Տոնոյանը շարունակում է զարգացնել իր հիմնած «Արվեստարան» արվեստագետների միջազգային կացարան ծրագիրը, որը նա համարում է հասարակական ներգրավվածություն ունեցող ստեղծագործության ձև, ջանալով ընդլայնել դրա աշխարհագրությունը Հայաստանում՝ ներգրավելով Արցախը և Հայաստանի սահմանամերձ գոտիները։ Նա շարունակում է ուսումնասիրել նմանատիպ նախագծերի միջազգային փորձը, որի համար ստացել է մի քանի միջազգային դրամաշնորհներ այդ ուսումնասիրությունների համար։