Ովքեր են հիմնադրել արևելյան մետալը. հայկական ռոքի մասին

Այս հայկական խումբը հանդիսանում է «արևելյան մետալ» ոճի հիմնադիրը: Խոսքն Այաս ռոք խմբի մասին է:

Խումբը հիմնվել է 1986 թ. Երևանում Արթուր Միտինյանի կողմից, ով Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաների շրջանավարտն էր։ Խմբի երաժշտությունը գրավել է քննադատների ուշադրությունը ծանր ռոքի և հայկական հոգևոր երաժշտության հետաքրքիր միաձուլմամբ։ 1988 թ. թողարկվեց առաջին պաշտոնական ալբոմը՝ «Երկինք և Երկիր»։ Ընդամենը մեկ տարվա ջանքերի արդյունքում խումբը ունեցավ այնպիսի հաջողություն, որ իրենք, հայկական մեկ այլ՝ Ասպարեզ մետալ խմբի հետ միասին, գերմանական «Melodie und Rhytmus» և «Neues Leben» ամսագրերի կողմից ընդգրկվեցին ԽՍՀՄ լավագույն ռոք-խմբերի տասնյակում։ 1991 թվականին խումբը պետք էր ելույթ ունենար Megadeth խմբի հետ, սակայն խմբի մեներգիչ Արթուր Արեսկինը կրոնական պատճառներով լքեց խումբը, և համերգը չկայացավ։ 1995 թվականին, երկրորդ՝ «Gaush Urvan» ալբոմի թողարկումից հետո Արթուր Միտինյանը տեղափոխվում է Մոսկվա:

Միտինյանը վերադառնում է Հայաստան 2007 թվականն, և հարցազրույցի ժամանակ հայտարարում, որ մտադիր է վերականգնել խմբի գործունեությունը։ 2008 թ. ապրիլի 18-ին Այաս խումբը պաշտոնապես հայտարարում է իր վերամիավորման մասին, մասնակցելով Երևանում կայացած «Metal Attack» փառատոնին։