Էրիկ Եգանյանը նկատել է, որ հրամանատարին են ուզում խփել, ինքն իր վրա է հարվածը վերցրել․ Կարդացեք ՀԵՐՈՍԻ պատմությունը

Հոկտեմբերի 21-ից Էրիկ Եգանյանի ընտանիքի անդամների և հարազատների համար կյանքը կանգ է առել։ 40-ամյա Էրիկ Եգանյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հրամանատարի ուղղությամբ հակառակորդի հարվածն իր վրա վերցնելով։ 

«Իրան հենց սեպտեմբերի 27-ի առավոտ տագնապով կանչել են ու միանգամից տարել են Ղարաբաղ՝ Հադրութ։ Հոկտեմբերի 21-ին հանձնարարություն են ստացել, բարձրացել են, դիմացները կանգնած ջոկատ է եղել՝ հայերեն խոսացող, մեր զինվորների համազգեստով: Իրանք առաջ են գնացել, հետո զենքերից հասկացել են, որ հայ չեն: Էրիկը նկատել ա, որ հրամանատարին են ուզում խփել, հրամանատարին հրել, էն կողմ ա գցել, ինքն իրա վրա ա հարվածը վերցրել»,- պատմում է Էրիկ Եգանյանի մորաքույրը՝ 55-ամյա Սուսաննա Ստեփանյանը։

Էրիկ Եգանյանը ամուսնացած էր, ուներ աղջիկ և տղա՝ 15-ամյա Սաթենը և 14-ամյա Գառնիկը։ Շուրջ 10 տարի խաղաղապահ զորքերում, խաղաղապահ առաքելությամբ եղել է Աֆղանստանում, Կոսովոյում, լավ ծառայության համար արժանացել բազմաթիվ պատվոգրերի։

eriki yntaniqy

Էրիկը նաև յուրահատուկ հմտություններ ուներ։ 20 րոպեում 4 մետր հեռավորությունից 15 սմ երկարության 559 մեխ թիրախին նետելու համար գրանցվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուում և պատրաստվում էր Մոսկվա մեկնել՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար։ 

Էրիկը շատ ուժեղ էր, բայց միաժամանակ բարի ու համեստ։ Հարազատների կողմից սիրված, մշտապես բոլորին հասնող և աջակցող։ Մորաքույրն ասում է՝ միշտ գիտեր, որ ցանկացած հարցի դեպքում Էրիկն օգնության կհասներ. «Ես ասում էի՝ իմ տղաները փոքր են, Էրիկը մեծ ա, եթե հանկարծ մի բան լիներ, Էրիկը կհասներ։ Մենք միշտ կարող էինք իրա վրա հույս դնել, գիտեինք, որ ինչքան էլ զբաղված լիներ, մի հարց լիներ, թիկունքներիս կանգնած էր»։

Էրիկի զոհվելը ընտանիքի համար մեծ շոկ ու սթրես է լինում։ Սուսաննան ասում է, որ երբ իմացել են սարսափելի լուրը, մեծ դժվարությամբ է կարողացել քրոջը հայտնել։

Մորաքույրն ասում է՝ հաճախ են ասում, որ պետք է հպարտանալ, որ Էրիկը հերոս է, բայց հպարտությունը, ցավն ու սուգը խառնվել են իրար։ Էրիկի երեխաները ևս հոր կորուստը դժվարությամբ են տանում․ «Նույնիսկ որոշել էին հոգեբանի մոտ տանեին երեխեքին, իրանց մեջ փակվել էին, հիմա էլ են փակված, ծանր են տանում»,- ասում է Սուսաննան։

Մորաքույրն ասում է՝ մնացել են միայն հուշերն ու անհուն կարոտը․ «Մենք իր ներկայությունն ենք կարոտում։ Միշտ իր խոսքն ենք հիշում, որ չլնող բան չկա, եթե ցանկության ունենաս՝ կլինի, մեր Էրիկն էդպիսին էր․․․»- արտասվելով ասում է Սուսաննան։