«Ցավ տվեցին, ասեցին՝ նստեք։ Ցավը մերն ա, իրանցը չի». 44-օրյա պատերազմի ՀԵՐՈՍ Գարիկ Գուլբանդյանի մայրը պատմում է որդու մասին

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գարիկ Գուլբանդյանը ծառայում էր Մարտունի երկուսում: Գարիկը շատ էր սիրում ծառայությունը ու նվիրված էր բանակին: Ծառայությունից շատ գոհ էր, բացարձակ չէր բողոքում: Մինչև ծառայության անցնելն էլ շտապում էր՝ «շուտ գնամ, գամ»։ Էնքան էր ուզում՝ էդ զինվորական համազգեստը հագներ։ 

Գարիկի մայրը պատմում է, որ վերջին անգամ որդու հետ խոսել են հոկտեմբերի 10-ին, այն էլ մի քանի անգամ։  Այդ օրը համարյա բոլորին էլ զանգել է, երևի իմացել է, որ պիտի տեղափոխեն, բայց ծնողներին չի ասել։ Միշտ երբ զանգել է 1-2 րոպե էր խոսել, բայց այդ օրը չէր ուզում անջատել։

garik

«Հոկտեմբերի 10-ին Մարտունի երեքից հրաման ա եկել, որ վարորդ չունեն տեղափոխության համար, մեքենայի անհրաժեշտություն կար։ Մարտունի երկուսից երկու մեքենա էին ուղարկել, ինքն ու իր ընկերը որպես վարորդ գնացել էին։

medal

Հոկտեմբերի 10-ի գիշերը Մարտունի երեքի 1-ին «բատալյոնը» փախել, եկել ա, իրանց փոխարեն 7-րդ «վաշտի» էրեխեքին են վերցրել, ուղարկել Հադրութ։  73 էրեխա գնացին, մնացին թուրքերի մեջ։  Հադրութում ա տեղի ունեցել դեպքը, Այգեստան գյուղի մոտակայքում, որն արդեն գտնվում էր Թուրքերի ձեռքում։ Էրեխեքը կռիվ են տվել, իրանց տարբեր հեռավորությունների վրա են գտել։ 3-4 ժամ կապ ա եղել իրանց հետ։ Օգնություն են խնդրել անընդհատ։ Բայց ոչ մեկ էլ չի հասել։ Թե ինչ ա կատարվել, ոչ մեկ չի իմանում։ Որ չտանեին, չէր զոհվի»,- հուզված պատմում է որդեկորույս մայրը:

«Էս պատերազմում մենք պարտվեցինք, մեր ճակատագիրը մեզնից խլեցին, առանց մեզ ասելու։ Ցավ տվեցին, ասեցին՝ նստեք։ Ցավը մերն ա, իրանցը չի»։

vznots

Հերոսի հոր խոսքերով որդուց հետո կյանքը դժոխքի է վերածվել: Իսկ մայրը ասում է. «Գարիկը մեր տան խաղաղությունն էր, ուրախությունը, հանգստությունը, էդ ամեն ինչը տարել ա մեզնից։ Մենք հիմա համ վիրավոր սրտով, համ վիրավոր թևով ենք ապրում։ Կարելի ա ասել, չենք ապրում, ուղղակի գոյատևում ենք մյուս էրեխու համար։ Ինքը ինձ համ ընկեր էր, համ քուր, համ ախպեր, մենք մի ուրիշ ձև էինք կապված իրար հետ։ Էդ դատարկությունը, էդ կարոտն ա, որ խեղդում ա»: