Այս հայկական վանքի տպարանը առաջինն էր Իրանում և ողջ Միջին Արևելքում․ գիտե՞ք՝ որ եկեղեցու մասին է խոսքը
Խոսքը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մասին է։ Հայ առաքելական եկեղեցին գտնվում է Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Կառուցվել է 1655 թվականին՝ շահ Աբբաս II Սեֆիի ժամանակ։

Վանքի նոր շենքը կառուցվել է ինը տարում՝ Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի և ժողովրդի օժանդակությամբ։ Եկեղեցու խորանի տակ թաղված են Խաչատուր Կեսարացին, ով հիմնադրեց Իրանում առաջին տպարանը, և Դավիթ Առաջնորդը, որի ժամանակ վերակառուցվել է վանքի մայր տաճարը։ Վանքի պատերի հախճասալերը տեղադրվել են 1710-1716 թվականներին։
Վանքի արևմտյան դռնից քիչ հեռու, 1702 թվականին կառուցած զանգակատունն է իր չորս զանգերով։ Եկեղեցու մուտքի դռան մոտ, խորանարդաձև բարձր շինության վրա, չորս կողմից տեղադրված է ժամացոյց։ Այն նվիրվել է եկեղեցուն 1930 թվականին։ Այստեղ պահվում են նորջուղայեցիների թանկարժեք իրերը, որոնք իրենց հետ բերել էին Եվրոպայից, ցուցադրվեցին թանգարանում։

Վանքի ներսի պատերին պատկերված են դրվագներ սուրբ Գրիգոր Լուսավորչի կյանքից, Ադամի և Եվայի պատմությունը, պատկերներ Հիսուս Քրիստոսի խաչելությունից։ Պատկերազարդումները կատարվել են անվանի նկարիչներ Հովհաննես Մրքուզի, Հայր Ստեփանոսի և վարպետ Մինասի կողմից։
1971 թվականին, Սպահանի թեմի առաջնորդարանի ջանքերով, կառուցվել է Նոր Ջուղայի թանգարանը։ Իսկ գրադարանը, որը ծառայել է նաև իբրև թանգարան, հիմնվել է 1905 թվականին։ Այնտեղ են պահպանվում և ցուցադրվում ձեռագիր գրքեր, կտավներ, կրոնական արարողությունների հանդերձանքներ, ազգային տարազներ, կաթողիկոսների կոնդակներ, թագավորների հրովարտակներ, 18-րդ դարում գրված հայերեն ձեռագիր Ղուրան, նաև աննանի եվրոպացի նկարիչների գործեր ու հայոց թագավորների պատկերներով ոսկեդրամներ։

Առանձնահատուկ տեղ է գրավում Վահրամ Հակոբյանի՝ 7 մմ երկարությամբ մազի վրայ գրված հետևյալ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Այն գրվել է մազի հաստությունից 20 անգամ ավելի բարակ ալմաստե գրչով։ Բանաստեղծների, անվանի գրողների և Խաչատուր Կեսարացու կիսանդրիները տեղադրված են մուտքի դռան առջև։
Սուրբ Ամենափրկիչ վանքի տպարանը, որն առաջինն էր Իրանում և ողջ Միջին Արևելքում, հիմնադրվել է 1636 թվականին Խաչատուր Կեսարացու ջանքերով։ Վանքի գրադարանը հարուստ է հայերեն, պարսկերեն և եվրոպական լեզուներով գրված գրքերով, որոնք հասանելի են գիտաշխատողներին և ընթերցողին։ Տպարանի շենքի մոտ է գտնվում 1915 թվականի Մեծ եղեռնի հուշարձանը, որը կառուցվել է 1975 թվականին։