Գիտեք՝ ո՞վ է Ազգային օպերային թատրոնի ջահի հեղինակը և ինչպե՞ս նրա առաջարկած ջահի մանրակերտը հաղթող ճանաչվեց


1980 թվականին պետք է նշվեր Հայկական ԽՍՀ 60-ամյակը: Դրանից մոտ մեկ տարի առաջ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը սկսեցին վերանորոգել: Հայտարարվեց մրցույթ` նոր ջահ պատրաստելու համար: Մրցույթին մասնակցեցին մոտ 200 ճարտարապետներ եւ նկարիչներ: Մրցույթի առաջին փուլում որեւէ նախագիծ հաղթող չճանաչվեց: Երկրորդ փուլ անցած մոտ 30 մասնակիցների նախագծերը եւս չհաստատվեցին:

Ի վերջո, երբ մինչեւ տոնական արարողությունը մնում էր ութ ամիս, հայտարարվեց մրցութային երրորդ փուլը: Այդ ժամանակ որոշեցի փորձեմ ուժերս: Ներկայացրեցի ջահի լուսավորված մանրակերտը` այն հավանության արժանացավ եւ հաղթող  ճանաչվեց: 

Օպերային թատրոնի դահլիճի հին ջահը:

36 տարեկան էի, դասավանդում էի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, մասնագիտանում էի ինտերիերի դիզայնի ոլորտում: Փոքրիկ ջահեր պատրաստելու փորձ ունեի, սակայն Օպերայի դահլիճի ջահը իմ առաջին մեծ նախագիծն էր:

Մրցույթից հետո Կարեն Դեմիրճյանի հանձնարարմամբ ստեղծվեց հատուկ կոնստրուկտորական բյուրո`ջահի նախագիծն իրականացնելու նպատակով: Ջահը պատրաստվեց լամպերի գործարանին կից գեղարվեստական լուսատեխնիկական բաժնում: Դիմեցինք Արզնիում գտնվող ճենապակու գործարան, որտեղից էլ ձեռք բերեցինք բյուրեղապակիները: Մասնագետների ու արհեստավորների համատեղ աշխատանքի շնորհիվ վեց ամիս անց ջահը պատրաստ էր: Պատրաստման ողջ ընթացքում Կարեն Դեմիրճյանը հետեւում էր աշխատանքներին:

Օպերային թատրոնի դահլիճում 1980թ. տեղադրված նոր ջահը:

Ջահը մաս-մաս տեղափոխեցինք դահլիճ եւ հատուկ սարքավորումների միջոցով տեղադրեցինք առաստաղին: Ընթացքում որոշ տեխնիկական խնդիրների առաջացան` ջահը հազիվ հաջողվեց փրկել վայր ընկնելուց:

Դահլիճի մեծ` կենտրոնական ջահի տրամագիծը մոտավորապես 8 մետր է, բարձրությունը` մոտ 6 մետր, քաշը` 5 տոննա: Պատրաստման ընթացքում օգտագործվել է իսկական ոսկի:

Բացման արարողությանը ներկա էին Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Շևարդնաձեն ու Ալիեւը: Ջահի պատրաստումից հետո արժանացա պետական մրցանակի եւ նույնիսկ ավտոմեքենա ստացա:

Օպերային թատրոնի մեծ ջահը լվացվում 3-4 տարին մեկ, նրան շրջապատող փոքր ջահերը՝ տարին մեկ անգամ: Ջահի լվացման գործընթացը ղեկավարվում է թատրոնի գլխավոր ինժեներ Արտավազդ Ամիրխանյանի կողմից: Լվացման գործընթացին մասնակցում են 6-7- աշխատակիցներ: Լվանալու ընթացքում հատուկ նյութեր չեն կիրառվում:

Օպերային թատրոնի  ջահի մաքրումը:

2003 թվականին «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ Օպերայի շենքի վերանորոգման ընթացքում աշխատողները ջահից հանել են բոլոր բյուրեղապակիները ու հատ-հատ մաքրել էին՝ շենքի բուֆետում: