Ինչպե՞ս անօդաչու թռչող սարքը խլեց 4 հերոսների կյանքը

Դավիթ Արայի Հովհաննիսյանը ծնվել է 1995 թվականի օգոստոսի 1-ին Վայոց ձորի Շատին գյուղում:  «Շատ ակտիվ ու աշխույժ երեխա է եղել։ Հայրս միշտ համեմատում էր Սիմբա մուլտֆիլմի փոքրիկ առյուծի հետ, որովհետև նույնքան քաջ հատկանիշներ ուներ»,- հիշում է քույրը՝ Անին:

Մասնակցել է «Հայ ասպետ» մրցախաղին և մաթեմատիկական բազմաթիվ օլիմպիադաների: Դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվել է Ագրարային համալսարանի սննդաարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում բաժինը: Հենց այս ուղղությամբ էլ հետագայում աշխատել է՝ համալրելով ՀՀ ԶՈՒ-երը: 2018 թվականի օգոստոսից Սյունիքի մարզի Նորավան գյուղի զորամասում Դավիթն աշխատանքի անցավ որպես իրային և պարենային ծառայության պետ:

Հարազատները նրան նկարագրելիս ասում են՝ անսահման նվիրվող էր, հավասարակշիռ ու հասուն, չափից դուրս հումորով: Իսկ ծառայակից ընկերներն ասում են՝ շատ ընկերասեր էր.

«Պարտաճանաչ, համեստ, ուշադիր ու շատ հոգատար: Ես այս բառերը հենց այնպես չեմ ասում, նա իսկապես այդպիսին էր: Դավիթը յուրահատուկ էր»,- ասում է կապիտան Համբարձումյանը

Երբեք պլաններ չէր կազմում ապրում էր պահի թելադրանքով, որ պահին ինչ ուզեր սիրտը պատրաստ էր անելու։

Դավիթն ու կապիտան Համբարձումյանը նույն զորամասում են ծառայել, իսկ պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 4-ից, մասնակցել են Ջրականում (Ջաբրաիլ) մղվող մարտերին:

«Մայրիկիս հետ խոսելիս անընդհատ պայթյուններ են եղել, մայրս լսել է, և երբ հետո հարցրել է՝ հո չե՞ք վնասվել, Դավիթն ասել է, որ շատերն արդեն չկան։ Իր ամենամոտ ընկերներից մինչ օրս անգամ լուր չկա»,- ասում է Անին։

Դավիթ Հովհաննիսյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին. անօդաչու թռչող սարքի հարվածի ժամանակ 4 ընկերներով խրամատում են եղել:

Մարտական ընկերները  Դավիթի ընտանիքին այցելելիս շոկոլադներ են տարել, պատմել են, որ Դավիթը բոլոր ընկերներից մեկական շոկոլադ էր վերցրել, դասավորել մի ամանի մեջ և ասել, որ պատերազմի ավարտից հետո միասին են ուտելու։ Ցավոք բոլոր կոնֆետները տեղում մնացին, Դավիթ Հովհաննիսյանն անմահացավ: