«Սիրտս փլած է…». ի՞նչ էր գրում ԿՈՄԻՏԱՍԸ կյանքի վերջին տարիներին՝ մեկուսարանից.

1915 թվականի ապրիլի 24. այս ամսաթիվն ամենասարսափազդու էջն է հայոց պատմության ու մշակույթի մեջ. երիտթուրքական արյունարբու վարչակարգը շուրջ 600 հայ մտավորականների հետ ձերբակալեց նաև Կոմիտաս Վարդապետին և աքսորեց Չանղր՝ Կոստանդնուպոլսից 800 կմ հեռու։ Երկու շաբաթ անց եվրոպական և ամերիկյան դեսպանների միջնորդությամբ նա ազատ արձակվեց և վերադարձավ Կոստանդնուպոլիս։ Աքսորից վերադառնալուց հետո Կոմիտաս Վարդապետի առողջական վիճակը կտրուկ վատացավ։

Եղեռնի դրվագները հանգիստ չէին տալիս Վարդապետին, նա կորցրել էր իր աշխատանքներն ու ամենակարևորը… հոգեկան հանգստությունը: Իր հարազատ ժողովրդի ողբերգությունը վերապրելն անհնար էր, հուսահատությւոնը՝ խորը: Այս օրերին է Կոմիտասը գրել.

«Հոտն անհովիւ՝ մոլոր ու շփոթ, աներևւոյթ և անզուսպ ալիքներ յախուռն կը յուզին ի խորս մեր հալածական և ողբեգալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թոյն կը տեղայ, բուժիչ ուժ չկայ: Աւերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մէկ կողմէն, անտարբերությիւն, օտարամոլությիւն ու ցեխոտ սրտեր միւս կողմէն… Ու՞ր է մեր խոհական Խորենացին. թող ելլէ՛ արյիւնաքամ հողու տակէն և ողբայ մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը…

  • «Սիրտս փլած է»…

Վարդապետի մոտ ակնհայտորեն խորանում էին հետապնդման մանիայի ախտանշանները, հուշագիրները վկայում են՝ յուրաքանչյուր ցնցում և ձայն սարսափեցնում էր նրան։ Կոմիտասին թվում էր, թե թուրքերն անդադար հետապնդում են իրեն. դա էր պատճառը, որ նա ձգտում էր մնալ միայնակ ու կատարյալ լռության մեջ. աշխարհի մեծագույն երաժշտասերի համար կատարելություն էր դարձել լռությունը: Ժամանակակիցները պատմում են, որ այդ օրերին Կոմիտասը հյուրեր չէր ընդունում. ո՛չ վաղեմի ընկերներին էր իր տուն թողնում, ո՛չ իրեն տեսնել ցանկացող երկրպագուներին։

Բժշկապետ Վահրամ Թորգոմյանը 1916 թվականի աշնանը, խորհրդակցելով Կոստանդնուպոլսի հայտնի հոգեբույժ դոկտոր Գոնոսի հետ, Վարդապետին տեղափոխեց Շիշլիի «Hôpital de la Paix» հիվանդանոց, ուր Վարդապետը մնաց մինչև 1919 թվականը։ Այն հազվադեպ պահերին, երբ Վարդապետի գիտակցության կայծերը վերականգնվում էին, նա բողոքում էր հիվանդանոցի անտանելի պայմաններից.

  • «Սնունդը՝ շան լափ, կեղտ ու ոջիլ, միակ բուժումը՝ մեկուսացում և անտարբեր վերաբերմունք»։

 Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո հայ գաղութը Վարդապետի վիճակը բարելավելու նպատակով որոշեց նրան ուղարկել Ֆրանսիա։ 1919 թվականի ապրիլին Կոմիտասին տեղափոխեցին Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարան, իսկ 1922 թվականի օգոստոսին միջոցների սղության պատճառով՝ Վիլ-Ժուիֆի հոգեբուժարան, ուր Վարդապետը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Իրականում Կոմիտաս Վարդապետի հիվանդության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։

Կոմիտաս Վարդապետը վախճանվեց 1935 թվականի հոկտեմբերի 21-ին առավոտյան ժամը 6-ին Վիլ-Ժուիֆի հիվանդանոցում՝ գարշապարի թարախակալումից առաջացած բարդությունների հետևանքով։ Մահից հետո ստեղծվեց Կոմիտաս Վարդապետի մահադիմակը։ 1936 թվականին նրա աճյունը փոխադրվեց Երևան և թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում։