Կյանքից հեռացել է վաստակաշատ լրագրող Արա Գալոյանը. հայտնի է մահվան պատճառը

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, անժամանակ կյանքից հեռացավ վաստակաշատ լրագրող Արա Գալոյանը։ Մահվան պատճառը հանկարծահաս հիվանդությունն էր։ Փիլիսոփայի մասնագիտությունը Արա Գալոյանին օժտել էր կյանքի, մարդկանց, ընկերների ու շրջապատի նկատմամբ միայն իրեն բնորոշ գալոյանական վերաբերմունքով ու սիրով, որի շատ չնչին մասն էր արտահայտվում նրա՝ կրկին միայն իրեն բնորոշ ոճի հոդվածներում։

Արա Գալոյան — Պոլիտէկոնոմիա

Արա Գալոյանը հիմնադրման առաջին օրից իր սյունյակն ուներ «168 Ժամում»։ Նա ոչ միայն թերթի, այլև հայկական լրագրության ակունքներում կանգնած նվիրյալ լրագրողներից է, ով մասնագիտական հմտություններից ու բարձր պրոֆեսիոնալիզմից զատ ու դրանից առաջ արժանապատիվ ու ազնվագույն, պատասխանատու քաղաքացի էր, իսկական մտավորական։