Ինչպե՞ս Մարադոնան մեր հավաքականին հրավիրեց ռեստորան, իսկ հետո խմեց նրանց կենացը՝ հայկական երժշտության ներքո

Լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Դիեգո Արմանդո Մարադոնայի մահը ցնցեց ֆուտբոլային աշխարհը։ Միլիոնավոր երկրպագուներ ունեցող ֆուտբոլիստի մասին պատմել են նրա հետ շփում ունեցած մարդիկ։

1996 թվականին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Լատինական Ամերիկայում մի քանի ընկերական հանդիպում անցկացրեց։ Մեր հավաքականի ֆուտբոլիստներն այդ օրերին հնարավորություն ունեցան տեսնել ու գնահատել լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի ոչ միայն խաղային, այլև մարդկային որակները։

Լատինական Ամերիկայում  կայացած խաղերից մեկում մեր հավաքականի մրցակիցը հանրահայտ «Բոկա Խունիորս» ակումբն էր, որի կազմում 1997-ին իր մարզական կարիերան  ավարտեց Մարադոնան։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Արամայիս Տոնոյանը այդ մասին ասել է․

«Բոլորիս ոգևորել էր այն, որ պետք է խաղայինք Մարադոնայի թիմի դեմ։ Խաղից առաջ Մարադոնան երևի մտածեց, որ հեշտությամբ առավելության են հասնելու մեր նկատմամբ ու առաջարկեց, որ մեկ խաղակես խաղա «Բոկա Խունիորսի», մեկ խաղակես էլ` Հայաստանի հավաքականի կազմում։ Մենք ուրախությամբ ընդունեցինք  նրա առաջարկը։ Բայց առաջին կեսից հետո Դիեգոն փոխեց իր որոշումը ու մնաց իր թիմի կազմում»,- հիշում է Արամայիս Տոնոյանը։ Լեգենդար ֆուտբոլիստը շատ հասարակ մարդ էր, նրա հետ շփվելիս երբեք չէիր ասի, որ նա աշխարհահռչակ է։

«Խաղից հետո Մարադոնան Հայաստանի հավաքականին հրավիրեց իր աներոջ ռեստորան։ Նա ամբողջ ընթացքում իր պահվածքով ու խոսքերով մեծարում էր հայերին ու Հայաստանի հավաքականին։ Մի պահ անգամ խոսեց հայերեն, դա երբեք չեմ մոռանա։ Վերցնելով գինով գավաթը` լեգենդար Դիեգոն հայերեն ասեց՝ ձեր կենացը։ Ինչքան ֆանտաստիկ ֆուտբոլիստ էր, պարզվեց` այդքան էլ ֆանտաստիկ մարդ է», — ժպիտով հիշում է Արամայիս Տոնոյանը։

Մեր հավաքականի կիսապաշտպան Հակոբ Տեր -Պետրոսյանը հիշում է, որ հանդիպումը «Բոկա Խունիորսի» հետ ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով։ Նրա խոսքով` խաղի ընթացքում Մարադոնան որպես պրոֆեսիոնալ անընդհատ հուշում էր իր խաղընկերներին, երբեմն նաև մեր ֆուտբոլիստներին էր ասում, թե ինչ կարելի էր անել այս կամ այն դրվագում։

«Զարմանալի էր, թե այդ հանրաճանաչ անձնավորության հետ ինչքան հեշտ էր շփվելը։ Իսկ գնդակի հետ շփվելիս նա, մեղմ ասած, կախարդ էր։»,-հիշում է Հակոբ Տեր Պետրոսյանը։

Հռչակավոր արգենտինացին դեռ երկար կմնա ֆուտբոլասերների հիշողությունում։