Ամերիկահայ միլիոնատերը հայերեն է սովորում
Ամերիկահայ գործարար, Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն որոշել է հայերեն սովորել, նա նշել է, որ արդեն մի քանի բառ գիտի, բայց դրանով չի սահմանափակվելու։
«Forbes»-ը նրան համարում է «համացանցի կառավարիչ», երկու տարի անընդմեջ նրան ընդգրկել է «30 Under 30» ցանկում՝ որպես տեխնոլոգիական աշխարհի կարևոր ներկայացուցիչ, իսկ 2013 թվականին ամերիկյան «Wired» ամսագիրը նրան անվանել է «նորարարության չեմպիոն»: Նա «System of a Down» խմբի երկրպագու է:
«Ես Բրուքլինում եմ ծնվել, բայց կարող էի ծնվել Երևանում կամ Արևմտյան Հայաստանում ինչ-որ մի տեղ: Ես ուզում եմ իմ գիտելիքներով օգնել որքան հնարավոր է շատ մարդկանց և հատկապես իմ հայրենակիցներին՝ հայ երիտասարդներին»,- ասում է Ալեքսիսը:

Աշխարհի 100 լավագույն կայքերից մեկի՝ Reddit.com-ի համահիմնադիր 32-ամյա Ալեքսիս Օհանյանն այն ստեղծել է տասը տարի առաջ: Reddit-ը նորությունների հարթակ է, օգտատերերն ավելացնում են լուրեր, մյուսներն էլ կարող են քվեարկել դրանց օգտին՝ սահմանելով նորության դիրքն ու կարևորությունը լրահոսում:
Ալեքսիսն իրեն հաջողակ է համարում, քանի որ ստացել է կրթություն, որն իրեն օգնել է դառնալ ուղղակի ինքնուս. «Այս ոլորտի պարգևներից է այն, որ այստեղից ստացվող գիտելիքը հիմնականում հասանելի է բոլորին և անվճար է: Ես որոշեցի, որ կարող եմ իմանալ ամեն ինչ, և դա, թերևս, ամենամեծ ներդրումն էր ինձ համար»:
Ալեքսիս Օհանյանն առաջին անգամ Հայաստան է այցելել «Kiva» ոչ առևտրային միկրովարկավորման ընկերության շրջանակներում:

«Ես միշտ ուզում էի կապ հաստատել հայրենիքի հետ, բայց այդ հնարավորությունը վերջապես ստացա 2010թ., երբ որոշեցի թողնել Reddit-ն ու 4 ամիս Հայաստանում կամավորություն անել Kiva-ի հետ»,- ասում է Ալեքսիսը:
«Իմ բազում հայ ընկերները, որոնք այցելել էին Հայաստան, վերադառնալով՝ ասել էին, որ ուղևորությունը փոխեց իրենց կյանքը: Երբ ես առաջին անգամ տեսա Արարատը, անմիջապես լուսանկարեցի այն և ուղարկեցի հորս»,- նշում է Ալեքսիսը:
«Ծնողներս հայ են, ես մասամբ հասկանում եմ հայերեն, բայց այդպես էլ չսովորեցի: Ծնողներս հայերեն էին խոսում իրար հետ, հատկապես՝ կարևոր բաների մասին, որպեսզի քույրս ու ես չհասկանայինք,- ժպիտը դեմքին հիշում է Քրիս Օհանյանը՝ Ալեքսիսի հայրը,- մեր տանը ցեղասպանության մասին քիչ էին խոսում: Երբ հայրս ծերացավ, տարեցներին հատուկ սովորությամբ սկսեց պատմել բաներ, որոնց մասին մինչ այդ չէր խոսել»:

Ալեքսիսի պապի՝ Ջոն Օհանյանի ծնողները Խարբերդից են: Ջոնի ծնողները ցեղասպանության հետևանքով որբացած հայեր են:
«Ես դեռ պետք է աշխատեմ հայերենիս վրա։ Կարող եմ ասել` «այո», «շնորհակալ եմ», «ցտեսություն», –ասել է Օհանյանը։
Գործարարի կարծիքով` տեղեկատվական տեխնոլոգիաներում Հայաստանի ներուժն օրեցօր աճում է։ Նա կարևորեց հայաստանյան դպրոցներում շախմատի ուսուցումը` նշելով, որ շախմատային գիտելիքները լավագույն հիմքն են ապագայում ծրագրավորման մեջ մասնագիտանալու համար։