44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 27-ամյա հերոս Ռաֆո. Մասիսցիների համար խաչքարն ու հուշաղբյուրը դարձել են սրբատեղի

Նոյեմբերի 28-ին Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, 27-ամյա Ռաֆիկ Սարոյի Սիմոնյանի հիշատակին նվիրված խաչքար-հուշաղբյուրի բացման արարողություն:  

Մինչ սպիտակ սավանը հերոսի հարազատները կիջեցնեին խաչքարի վրայից, Մասիս քաղաքի Սբ. Թադևոս եկեղեցու քահանա Տեր Եզնիկի կողմից հնչեց Տերունական աղոթք, ապա նա իր խոսքն ուղղեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ու լեգենդ դարձած բոլոր հերոսներին, հերոսածին մայրերին, այնուհետև նրա ձեռամբ տեղի ունեցավ օծումը:  

otsum

Դրանից հետո հերոս Ռաֆոյի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, Արցախյան երեք պատերազմներին մասնակցություն ունեցած քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին:   Միջոցառմանը ներկա էին Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուներ Դավիթ Համբարձումյանն ու Սայեն Հայրապետյանը, ովքեր նույնպես ծաղիկներ խոնարհեցին:  

Հայաստանի օրհներգի ներքո տեղում բարձրացվեց նաև Եռագույնը: Կենդանի կատարմամբ հնչեցին երգեր:

nerkaner

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ներկաներն ասում էին. «Մենք Ռաֆոյին ու նրա նման բոլոր լեգենդ դարձած հերոսներին բացակա չենք դնի: Ռաֆոն մեր թաղում համարվում էր խաղաղության աղավնի: Եթե մի տեղ նա կար, ապա էդտեղ երբեք մարդկանց միջև անախորժություններ չէին լինում: Նա ու նրա նման բոլոր տղերքը Հայաստանի ու Արցախի համար զոհաբերեցին Աստծո կողմից պարգևած, իրենց համար ամենաթանկը՝ կյանքը: Ու հիմա այս բակում այս վայրը բոլորիս համար դառալու է մի նոր Եռաբլուր, մի նոր սրբատեղի: Ու ամեն անգամ ծաղիկներ խոնարհելով, ի լուր աշխարհի ասելու ենք. Ռաֆ ջան, դու, քո նման տղերքը էս պատերազմում կրել եք: Դու, որ որպես կամավորական մեկնեցիր Արցախ աշխարհը պաշտպանելու, հաղթող ես եղել»:

rafo

2020թ. սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի հաջորդ օրը, Ռաֆիկ Սիմոնյանը հարազատներից ծածուկ, որպես կամավոր մեկնել է Սիսիան՝ հրետանային դիվիզիոն: Հոկտեմբերի 7-ին կամավոր մեկնել է Արցախ, եղել են Կարմիր շուկայի տարածքում, այնուհետև հրետանային մարտկոցի կազմով մասնակցել է Ֆիզուլիի, Հադրութի, Մարտունու պաշտպանական մարտերին: Նոյեմբերի 7-ին հերոսի մահով ընկել է Ննգի գյուղում՝ հրետանային արկի պայթյունից: