Ադրբեջանի բարբարոսությունը Ջուղայի խաչքարերի հանդեպ
Հին Ջուղայի գերեզմանատունը նշանավոր էր խաչքարերով: Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով, 1648 թ այն ունեցել է շուրջ 10 հազար լավ պահպանված խաչքար: 1903-1904 թթ Ջուղայի տարածքով անցկացված երկաթուղու շինարարության ընթացքում դրանց կեսը անվերադարձորեն ոչնչացվեցին:
Ամենավաղ շրջանի խաչքարերը թվագրվում են 9-10-րդ դդ, դրանք փոքրածավալ են, սակավ քանդակազարդ ու վիմագրված: Խաչքարերի հաջորդ խումբը վերաբերում են 15-րդ դարերի կեսերից սկսած մինչև 16-րդ դ կեսերին, իրենց կազմությամբ ու հարդարանքով, վիմագրչությամբ ու պատկերաքանդակներով արվեստի աչքի ընկնող օրինակներ են: Երրորդ և ամենաստվար խմբի խաչքարերը, որ ստեղծվել են 16-րդ դ կեսերից մինչև 1605 թ, աչքի են ընկնում մշակման կատարելությամբ ու բազմազանությամբ, իրական և երևակայական զարդաձևերով, հորինվածքների բարդություններով:

Ջուղայի խաչքարերն իրավամբ կարելի է դասել հայ բարձրարվեստ մշակույթի միջնադարյան կոթողների շարքին: Մինչև 2005 թ Նախիջևանի Հին Ջուղայի գերեզմանատանը պահպանված էին ավելի քան 5000 խաչքարեր: Սակայն 2005թ դեկտեմբերին ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետևանքով դրանք վերջնականապես ոչնչացվեցին: 2010 թ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ԱՄՆ Արևմտյան ափի Համահայկական կրթական ու մշակութային ասոցիացիայի հետ համատեղ փաստաթուղթ է ներկայացրել շուրջ 5000 միջնադարյան խաչքարերի ոչնչացման մասին:* Ադրբեջանի կազմում Նախիջևանի գտնվելու տարիներին ոչնչացվել են VII-XIX դարերի հայկական մշակութային ժառանգության 27 հազար նմուշներ՝ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, խաչքարեր, որոնք համամարդկային արժեք ունեն: Փաստորեն Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում է Նախիջևանի հայկական պատկանելության բոլոր վկայությունների ոչնչացման քաղաքականություն: 2010 թ նոյեմբերի 17-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ -ի հանձնաժողովի նիստի ժամանակ, ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային մշակութային ժառանգության ոչ նյութական արժեքների ցանկը, աշխարհի 47 ժողովուրդների մշակութային ավանդույթների հետ, միաժամանակ, համալրվել է նաև հայկական խաչքարերի ստեղծման արվեստով, որպես սերնդեսերունդ փոխանցվող հայ ժողովրդի դարավոր ավանդույթ: Ինչպես հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ -ի պաշտոնական կայքը, գոյություն ունեն ավելի քան 50,000 հայկական խաչքարեր, որոնց քանդակները նման չեն միմիանց և նույնիսկ հնարավոր չէ գտնել երկու միանման խաչքար: