«Արարատի ստվերը». իսպանացի ռեժիսորի ֆիլմը Հայաստանի մասին (կարճ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ այստեղ)

2017 թվականի փետրվարի 10-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում տեղի ունեցավ իսպանացի ռեժիսոր Միգել Անխել Նյետոյի «Արարատի ստվերը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Այս ֆիլմը, որը նկարահանվել է հայազգի հովանավորի աջակցությամբ, պատմում է Հայաստանի և նրա ժողովրդի պատմությունը։

«Հայաստանում բնակվում է հայերի ընդամենը 30 տոկոսը։ Մնացած 70 տոկոսն ապրում է պատմական հայրենիքից դուրս։ Աշխարհով մեկ սփռված հայերի մեջ շատ են Հայտնի մարդիկ, որոնց ծագումը քիչ է հայտնի», — գրում է Madridpress-ը։

Փաստավավերագրական ֆիլմի գլխավոր հերոսներն են հայկական ծագում ունեցող հասարակական և քաղաքական գործիչներ տարբեր երկրներից: Նրանց թվում են ֆրանսիացի երգիչներ Շառլ Ազնավուրն ու Ռոզի Արմենը, իսպանացի ջութակահար Արա Մալիկյանը, ամերիկացի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, ռուս փորձարկող օդաչու Ռուբեն Եսայանը, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ռեժիսոր Ռոբերտ Կետիկյանը, գործարարներ Դավիթ Յանը և Ռուբեն Վարդանյանը, բևեռախույզ Արթուր Չիլինգարովը, պատմաբան Հայկ Դեմոյանը և շատ ուրիշներ:

Չնայած այդ փաստագրական ֆիլմը չի վերաբերում կոնկրետ այնպիսի իրադարձությունների, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, այն, այնուամենայնիվ, անդրադառնում է հայոց պատմության ողբերգական իրադարձություններին։

«Արարատի ստվերը» պատմում է ժողովրդի պատմությունը մի փոքրիկ քրիստոնեական կղզում, որը ժամանակի ընթացքում դիմացել է ողբերգություններին։ Հայաստանը միակ երկիրն է, որը գոյություն է ունեցել վերջին 5 հազար տարվա ընթացքում։

«Մենք գիտենք շատ պետություններ, որոնք գոյություն են ունեցել դեռ Հայաստանի ժամանակ, օրինակ, Միջագետք, բայց դրանցից ոչ մեկն այսօր գոյություն չունի, ի տարբերություն Հայաստանի», — գրում է Madridpress-ը:

Վավերագրական ֆիլմի գաղափարը ծագել է 2015 թվականի գարնանը Մոսկվայի հյուրանոցներից մեկում։ Այստեղ ֆիլմի ռեժիսորը ծանոթացել է հայազգի միլիոնատիրոջ հետ, ով նրան առաջարկել է Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել։ Բարերարը ցանկացել է անհայտ մնալ, ուստի լայն հանրությունը չի ճանաչում նրա անունը։ Նկարահանումները սկսվել են 2015 թվականի աշնանը Հայաստանում, Իսպանիայում, Թուրքիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Ռուսաստանում և Իսրայելում: