Վարպետ Վահանի Ժայռեղեն այգին կամ հանճարների տնկած ծիրանենիների պատմությունը

Ի՞սկ դուք գիտեք վարպետ Վահանի «Ժայռեղեն այգու» մասին, որտեղ կողք-կողքի աճում են  Հովհաննես Շիրազի ու Սոս Սարգսյանի, Ազատ Շերենցի ու Մհեր Մկրտչյանի տնկած խաղողի վազերը, Վիկտոր Համբարձումյանի, Պարիս Հերունու և Առնո Բաբաջանյանի, Համո Սահյանի, Նորայր Մուշեղյանի և Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի, տնկած ծիրանենիների հարևանությամբ:

Երևանի գինու կոմբինատի, ներկայիս «Նոյ» գործարանի հարևանությամբ է գտնվում այս այգին՝ մարդու ստեղծագործ մտքի վկայությունը։ Այստեղ ամեն ինչն է անսովոր, միգուցե արտասովոր, ամենակարևորը՝ տպավորիչ ու դիտարժան:

Վարպետ Վահանը՝ Վահան Ղազումյանը Իջևանից է: Արդեն հեռավոր 1947-ին, 25-ամյա գյուղատնտես-մեխանիկը գալիս է մայրաքաղաք ու հաստատվում Երևանում: Քարի հետ աշխատելու բնատուր շնորհք ունենալով` ներգրավվում է նույն գինու կոմբինատի շինարարության մեջ, իսկ հետո էլ արդեն աշխատանքի է ընդունվում այստեղ:

Վարպետի որդին, ազատամարտի վետերան Սամվել Ղազումյանը պատմում է, որ աշխատանքի մեկնարկը 1971-ին է եղել, աշնանը, «Արարատի» և  Մինսկի «Դինամոյի» խաղի օրը: Տարածքում, որ տարիներ անց Շիրազը պետք է կնքեր վարպետ Վահանի «Ժայռեղեն այգի», դեռևս Շուստովի ժամանակներից շինարարական աղբ էր կուտակված: Վարպետ Վահանը մեկ տարի շարունակ տարածքն ազատում է տասնամյակներով կուտակված թափոնից ու անցնում գործի…

«Ես աշխատասիրության, նման օրինակ երբեք չեմ տեսել»,-ասում է Սամվելը, որ հիմա հոր թողած հրաշք այգու խնամատարն է ու պահապանը:

Քանդակները «Սասնա ծռեր» էպոսի մոտիվներով են գերազանցապես ու ամեն մեկը մյուսին շաղկապված՝ իմաստով, պատմությամբ, խորհրդով։