«Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ». գիտե՞ք՝ որ հայ հերոսի խոսքերն են

Խոսքերի հեղինակը Դուշման Վարդանն է: Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966 թվականի մարտի 9-ին Երևանում:

1973–1983թթ. սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում։

1983թ. դիմել է զինկոմիսարիատ, որ իրեն ուղարկեն Աֆղանստան՝ դեսանտային զորամաս։ 1984թ. մեկնել է Աֆղանստան ծառայելու և կռվելու։ 1986թ. վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։

1986թ-ին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ։ 1988թ. ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն և Արցախի ինքնապաշտպանական մարտերին։ Վարդանը մեկնել է Արցախ ՝առաջին անգամ իբրև մարտական մարզիչ դեռ 1988թ.։ Նա Արցախի առաջին բանակի ստեղծողներից մեկն էր:

Շատ բարդ է եղել Արցախ մեկնող նորակոչիկների գործը։ Վարդանը ոգեշնչել է պատանի զինվորներին։ Հետո ձեռքն է վերցրել մի բուռ հող, կերել եւ պահանջել, որ այդպես անեն նաեւ տղաները։

Հետո սկսել է խոսել, որի միտքն այն էր, որ մեր երկիրը, մեր հողը մեր մայրն է, եւ աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա։ «Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետեւ մեր հողը մեր բոլորիս ծնողն է»,-նշել է Վարդանը: Արցախում, երբ նկատվել է զենքի պակաս եւ 1989թ. Վարդանը հատուկ առաջադրանքով մեկնել է Մոսկվա, որտեղից աներեւակայելի ճանապարհով, ազատվելով դեռեւս գոյություն ունեցող Սովետական միության ստուգումներից, կարողացել է Հայաստան հասցնել զենք ու զինամթերք, որը հետո ուղարկվել է Շուշիի Բերդաձոր գյուղ։ Այնուհետեւ ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ ստեղծել են ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվել են Արցախ մեկնող ֆիդայիները։ Հետագայում Վարդանը ստեղծում է նույնպիսի դպրոց նաեւ Արցախում։ Նա ասել է. «Զենք վերցնել ու գնալ կռվելու, արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը` լավ թե վատ, կախված է հրամանատարից»։

Դուշմանի տղերքը` շուրջ 40 կռվողներ, հարձակվելով թիկունքից` անակնկալի են բերել ազերիներին։ Քարին Տակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում։ Սա դրեց հայերի իրար հաջորդող հաղթանակների սկիզբը` 1992թ. փետրվարի 10-ից սկսած հայկական ուժերը իրար ետեւից ոչնչացրեցին Մալիբեյլ, Գուշչուլար եւ Լեսնո (Մեշալու) գյուղերի ադրբեջանական կրակակետերը։ Այդ հաղթանակների ողջ քաղցրությունն ու դառնությունը զգաց եւ ինքը` Դուշմանը, որը մարտերի անմիջական մասնակիցն էր։ Նա անտարբեր է եղել փողի ու շահի նկատմամբ, եւ երբ նրան պաշտոն են առաջարկել, նա հրաժարվել է` պարզաբանելով. «Աթոռի ժամանակ չէ, ես զինվոր եմ, ազգս պատերազմի մեջ է, իմ տեղը կռվի դաշտում է, ես այնտեղ ավելի պետք եմ»:

1992թ. հունիսին Շահումյանի անկումից հետո գործուղվեց Արցախ՝ մարտական վերջին առաքելությունը կատարելու «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»։

Վարդանը զոհվեց 1992 թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոյի (Արմեն Երիցյան) եւ Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք է կատարել ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։

«Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»։

Վարդանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման» եւ «Մոր երախտագիտությունը Արցախ աշխարհի հերոս զավակներին» մեդալներով: