Հայկական առաջին մնջախաղը

«Շերանիկն» առաջին հայկական ներկայացումն է հայ մնջախաղի պատմության մեջ: Ներկայացումը հիմնված է պատմական փաստերի վրա:

Տասներեքերորդ դարի սկզբին, երբ Անի քաղաքի բնակիչները ինքնամոռաց տոնում էին Բարեկենդանը:  Բարեկենդանն այն եզակի օրն է տարվա մեջ, երբ թույլատրված է ամեն ինչ, երբ առատ գինուց մթագնած գիտակցությունը քանդում է բոլոր կապանքները, երբ բարեպաշտ քրիստոնյաների միջից դուրս է պրծնում ամբողջ տարվա ընթացքում խեղդված, հոգու ամենախորքում պատսպարված հեթանոսությունը: Ու սկսվում է խնջույքը, որն իր սանձարձակությամբ գերազանցում է Ներոնի տոնախմբությունները:

Օգտվելով խնջույքով տարված բնակիչների անհոգությունից՝ թշնամին ծածուկ թափանցում է քաղաք եւ կործանում այն:  Շերանիկը եղել է Անիի բանտի բանտապահը:

Մետաքսի ճանապարհի խաչմերուկում գտնվելու պայմաններում բնակիչների կենցաղը բարելավվում է, մարդիկ տրվում են կյանքի վայելքներին: Շերանիկն առյուծ է ծնում, որը դառնում է Անիի խորհրդանիշը: Ներկայացման մեջ մեծ շուքով տոնվում է Բարեկենդանը, խնջույքի մասնակիցներն անարգում են քրիստոնեական սրբությունները, երկրպագում են ֆալոսը: Ծաղրուծանակի են ենթարկում Սուրբ ծննդի տերունական ծիսակատարությունը եւ իրենց խաղի մեջ ներգրավում անգամ քահանային, ով կարծում է, թե սթափված բնակիչները ցանկանում են վերադառնալ դեպի հոգեւորը, ճշմարիտը:

Ու հանկարծ, անսպասելի ներխուժում է մոնղոլը, գայթակղում է առյուծին ու քաղաքի կարճ դիմադրությունից հետո ավերում է Անին: Շերանիկը սպանում է դավաճան առյուծին եւ դառնում է հոգեւորական:

Առյուծի սպանությունն այստեղ խորհրդանշում է պաշտամունքի փոփոխություն. Շերանիկը սպանում է իր միջի հեթանոսությունն ուժի տեսքով եւ ընդունում է հոգեւորականությունը: Սա քրիստոնեական բարոյական արժեքների հաղթանակն է»: