Լսե՞լ եք Հոռոմայրի վանքի մասին․ ահա թե որտեղ է այն գտնվում և ինչով է տարբերվում մյուս եկեղեցիներից

Հոռոմայրը Հայաստանի ամենահետաքրքիր եկեղեցիներից մեկն է, գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղից 1.5 կմ հարավ-արևելյան ուղղությամբ։
Հոռոմայրը վանական համալիր է, որի մի մասը քանդակված է ժայռի երեսին։ Արձանագրությունների համաձայն վերին և ստորին շինությունները կառուցվել են 12-րդ և 13-րդ դարերում և կոչվել է հույն իշխանի անունով, որը ճգնել է այդտեղի քարանձավներից մեկում։
Առաջին խմբի զլխավոր Սբ. Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները։ Սբ. Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ՝ նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201 թ-ին կառուցվել է փոքրիկ մատուռ։

Հոռոմայրի համալիրը բաղկացած է հուշարձանների երկու խմբից, որոնցից մեկը տեղակայված է Դեբեդ գետի ձախափնյա լանջին՝ ուղղաձիգ կախված քարափի տակ , իսկ մյուսը՝ ավելի բարձր, ձորաեզրի հարթության վրա ։

Վերին հուշարձանախումբը հայտնի է եղել նաև Ձորաեզրի վանք անվամբ, իսկ ստորին հուշարձանախումբը՝ Սուրբ Նշան կամ Ձորամիջի վանք անվամբ։

Մեր նախնիները հսկայական ջանքեր են գործադրել այն կառուցելու համար, քանի որ նույնիսկ այնտեղ հասնելը շատ դժվար է։

Հոռոմայր կարելի է հասնել մի քանի ճանապարհով՝ կա՛մ Օձուն գյուղից, որտեղ գտնվում է համանուն վանքը, կա՛մ իջնել բավականին վտանգավոր արահետով, կա՛մ ներքևից՝ Դեբեդ գետի կիրճից բարձրանալ։