Նա գնաց լուծելու իր պապերի վրեժը. ի՞նչ երազանք ուներ ազատամարտիկ-դասախոս Սիմոն Աչիքգոզյանը

Սիմոն Աչիքգոզյանը ծնվել է 1936 թ-ին Ռումինիայի Գալաց քաղաքում` Մեծ եղեռնից փրկված Հովհաննեսի եւ Սիրանույշի կազմած ընտանիքում: 1946 թ-ին ծնողների հետ հայրենադարձվել է Սովետական Հայաստան:

1955 թ-ին Սիմոն Աչիքգոզյանն ընդունվում է Երեւանի պետական համալսարան եւ 1960 թ-ին կարմիր դիպլոմի արժանանալով` ստանում ինժեներ-երկրաբանի որակավորում: Շուրջ 31 տարի Սիմոն Աչիքգոզյանն անմնացորդ նվիրումով աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի երկրաբանական ինստիտուտում:

Նա առաջիններից էր, ով 1989 թ-ին համալրեց նորակազմ «Արաբո» կամավորական ջոկատի շարքերը:

1990 թ-ին ընտրվում է Երեւանի քաղխորհրդի պատգամավոր:

«Ոչ թե կորցրել եմ, այլ գտել»,- խոսելով հոր կորստի մասին` նշեց Սիմոն Աչիքգոզյանի որդին` Հովհաննես Աչիքգոզյանը, ով, ի դեպ, հոր հետ կռվել է հենց նույն` «Արաբո» ջոկատում:

«Մեր ջոկատում առաջին զոհը հենց Սիմոնն էր»,- հիշում է հերոսի մարտական ընկեր, «Արաբո» վետերանների սոցիալ-իրավական ՀԿ-ի նախագահ Կարեն Ղազարյանը: «Նրա երազանքն էր, որ չտեսնի մեզնից ոչ մեկի մահը, ու այդպես էլ եղավ»,- եզրափակում է նա: Սիմոն Աչիքգոզյանը հերոսաբար զոհվեց Մարտունաշեն գյուղում 1991 թվականի ապրիլի 30-ին, 52 տարեկան հասակում: