Սիսիանի քարե հսկան․եղել ե՞ք Սիսավանի եկեղեցում

Սիսավանի եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Սուրբ Գրիգոր եկեղեցի, Սուրբ Հովհաննես եկեղեցի, գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքի հյուսիս-արևմտյան մասում։

Ըստ որոշ տվյալների՝ Սիսավանի եկեղեցին կառուցվել է 663-682 թթ. Սյունյաց Կոհազատ իշխանի կողմից՝ գավառի հոգևոր առաջնորդ Հովսեփ Ա-ի և Թեոդորոս հոգևորականի աջակցությամբ։ Սակայն, ըստ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի, ով Սյունյաց իշխանական տոհմի մատենագիրն էր, Սիսավանը կանգնեցվել է Սյունյաց իշխանուհի Վարազդուխտի կողմից 520-530 թթ.։ Ինչպես հայկական հնագույն վանքերից շատերը, այնպես էլ Սիսավանը կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում։
Եկեղեցին երկու մուտք ունի ՝ հարավից և արևմուտքից։ Բոլոր անկյուններում կան ուղղանկյուն կողային մատուռներ։ Ի տարբերություն նմանատիպ այլ տաճարների, այստեղ գմբեթավոր տարածությունն ունի քառակուսու տեսք։

Պատերին կարելի է տեսնել տարբեր պատկերներ, արձանագրություններ և ցուցանակներ, այդ թվում՝ արխայիկ ժայռապատկերներ, որոնք ոչ մի կապ չունեն եկեղեցու ճարտարապետական ​​գաղափարի հետ։ Կան նաև վաղ միջնադարյան մոտիվներ, որոնցից ամենաուշագրավը նռան երկու ուղղությամբ շեղվող ճյուղեր ներկայացնող զարդանախշն է։

Եկեղեցուն հարող տարածքում գտնվում է միջնադարին բնորոշ տապանաքարերով և խաչքարերով գերեզմանոց։

1959-1961 թվականներին եկեղեցին վերանորոգվել է և շրջակայքը մաքրվել, իսկ 1980-1988 թվականներին սալիկապատվել է։ Արևմտյան մասում պանթեոն է, որը հավերժացնում է Արցախյան պատերազմում զոհված սիսիանցիների հիշատակը։ Սիսավանը վաղ հայկական ճարտարապետության վառ օրինակ է։ Եկեղեցին մինչ օրս պահպանվել է իր սկզբնական տեսքով։

Միջնադարում, զավթիչների ասպատակումների հետևանքով, շրջակա բնակավայրերը ամայացել էին, իսկ վերաբնակեցված ժողովրդին հայտնի չէր եկեղեցու իսկական անունը։ Այդ պատճառով տեղացիներին այն ավելի հայտնի է Ս.Հովհաննես անունով, որը տրվել էր արևմտյան պատին պահպանված «ՅՈՀԱՆԷՍ ԵԿԵՂՑԵՊԱՆ» արձանագրության հիման վրա։