Հայը, ով եղել է արևային էներգիայի՝ որպես այլընտրանքային էներգիայի կիրառման գաղափարի առաջադրողներից մեկը, ո՞վ է նա
Հայերն աշխարհով մեկ սփռված են եղել և իրենց ուրույն հետքն են թողել գիտության և մշակույթի գրեթե բոլոր ոլորտներում: Այսօր Ձեզ կպատմենք ևս մեկ մեծանուն հայի՝ Հակոբ Չամիչյանի մասին:
Լուիջի Չամիչյանը ծնվել է 1857թ.-ի օգոստոսի 27-ին Իտալիայի Տրիեստ քաղաքում՝ Հակոբ Չամիչյանի և Կարոլինա Գեցցոյի ընտանիքում: Դպրոցական կրթությունն ստացել է Տրիեստում: Հետագայում Չամիչյանը տեղափոխվում է Վիեննա և ուսանում Վիեննայի համալսարանում և պոլիտեխնիկումում` իրեն նվիրելով քիմիային:

Հետագա ուսումը շարունակում է Հեսսենի համալսարանում: Ավելի ուշ դառնում է իտալացի բազմավաստակ քիմիկոս Ստանիսլաու Կանիցցարոյի օգնականը: Կանիցցարոյի լաբորատորիայում էլ ծանոթանում և ընկերանում է տաղանդավոր քիմիկոս Պոլ (Պաոլո) Սիլբերի հետ:
Հետագայում նրանք տեղափոխվում են Բոլոնիայի համալսարան, որտեղ էլ Չամիչյանն ստանում է պրոֆեսորի կոչում: 1880-ականներից մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Չամիչյանը և Սիլբերը հրատարակում են նվազագույնը 378 հոդված:
Երկու ընկեր միմյանց լրացնում էին թե´ ունակություններով, թե´ հանճարով: 1921թ.-ին Չամիչյանը ծանր հիվանդանում է, որից հետո, չնայած ուսանողների և հարազատների հորդորներին, փորձում է սկսել իր դասախոսությունները, սակայն անկարող է լինում շարունակել: 1922թ. հունվարի 2-ին 65 տարեկան հասակում Չամիչյանը մահանում է:

Չամիչյանի գիտական գործունեությունը կարելի է բաժանել 5 ոլորտի` սպեկտրոսկոպիա, օրգանական քիմիա, բույսերի քիմիա, բնական միացություններ, օրգանական ֆոտոքիմիա: Սպեկտրոսկոպիայով Չամիչյանն սկսել է զբաղվել դեռ քսանամյակը չբոլորած:

Այդ տարիքում նա կատարել է մի կարևոր հայտնագործություն՝ պարբերական համակարգի միևնույն խմբի տարրերն ունեն ակնհայտ նման առաքման սպեկտորներ:
Բույսերի քիմիայում նրա գլխավոր ներդրումն է եղել այն հայտնագործությունը, ըստ որի՝ կոֆեինի կամ թեոբրոմինի (շոկոլադի “կոֆեինը”) ազդեցությամբ բույսերի մոտ խթանվում է քլորոֆիլի ակտիվությունը, որը հանգեցնում է օսլայի գերարտադրության:
Չամիչյանը համարվում է նաև արևային էներգիայի՝ որպես այլընտրանքային էներգիայի կիրառման գաղափարի առաջադրողներից մեկը: Նրա ուսումնասիրություններն օրգանական ֆոտոքիմիայի բնագավառում հանգեցրին այն մտքին, որ արևային էներգիան կարելի է օգտագործել որպես այլընտրանք այն ժամանակ ընդունված քարածուխին:
Նրա մահվանից հետո Տրիեստ քաղաքի այն փողոցը, որի վրա գտնվել է իր մորաքույրների տունը և որտեղ նա անցկացրել է իր մանկությունը, վերակոչվել է Ջիակոմո Չամիչյանի անունով: