«Եթե այս տարիներին պիտի մահանամ, թող այն լինի բանակում, քանզի մնացած բոլոր մահերն անարժեք են». ՀԵՐՈՍՆ արդեն նվիրել էր իրեն ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, երբ սկսվեց պատերազմը…
«Եթե այս տարիներին պիտի մահանամ, թող այն լինի բանակում, քանզի մնացած բոլոր մահերն անարժեք են»:
Սա նորօրյա հերոս Սայաթ Բարսեղյանի մտորումներն են դեռ 2014թ., երբ վերջինս ընդամենը 18 տարեկան էր: Սայաթն անզուգական հայի կերպարի խտացում էր, ում սրտում ու հոգում միաժամանակ ներդաշնակվել են նվիրված որդին, նպատակասլաց անհատը, կարեկից ընկերն ու հայրենապաշտ քաջորդին:
Սեպտեմբերի 27-ին պատերազմի սկսվելուց ընդամենը ժամեր անց Սայաթը կամավորագրվեց հայոց բանակին: Իր կազմակերպչական բացառիկ տաղանդն ու ռազմական գիտելիքները Սայաթին կարճ ժամանակում թույլ տվեցին դառնալ դասակի հրամանատար:Պատերազմական մի կենսագրություն էլ Սայաթն իր ետևում թողել էր Ապրիլյան Քառօրյայի ժամանակ: Քառօրյա պատերազմից հետո նա ուխտ էր արել վառ պահելու իր հերոսացած ընկերների հիշատակը:

Այս նպատակին ծառայեցրած Սայաթի վերջին գործը եղավ ռազմադաշտ մեկնելուց ընդամենը 6 օր առաջ` սեպտեմբերի 21-ին, Արագածի հարավային գագաթին Ապրիլյան Քառօրյա պատերազմի զոհերին նվիրված հուշակոթողի տեղադրումը: Իսկ այսօր արդեն Սայաթի անունն է գրվում հայ ռազմի պատմության նոր հերոսապատումների էջերում:Սայաթը մեկն էր, ում առաջիկա ու հեռահար բոլոր նպատակները պտտվում էին հայրենիքի շուրջ: Նա ոգու հսկա էր, ով ավելի շատ ապրում, զգում էր Հայաստանը, գործում էր հանուն Հայաստանի, իսկ խոսքի մեջ խիստ զուսպ էր: Եվ այդպես հերոսավայել էլ նահատակվեց` դառնալով հայրենի հողի հարատևության հավերժական երաշխիք: