«ԵՍ ՈՂՋ ԵՄ». ՀԵՐՈՍՆ իր գրադով թշնամու վախն էր դարձել. ՆՐԱ պատմությունը կարդալիս չես կարող զսպել արցունքներդ

Այս մասին գրում է ՀԵՐՈՍԻ քույրը՝ իր ֆեյբուքյան էջում

Գոռն իմ ճանաչած համեստագույն մարդն է(որ տեսնի իր մասին եմ գրել հաստատ նեղվելու է), բայց Գոռն էս պատերազմի ամենաՀԵՐՈՍներից է, ում մասին պիտի պատմեն, ում պիտի ճանաչեն։

Գոռը ժամկետային ծառայության մեջ էր, երբ պատերազմը սկսվեց։ Ամեն անգամ հետը խոսելիս վստահեցնում էր, որ իրենց մոտ հանգիստ է, ոչ մի կրակ չկա, այն ինչ էդ ընթացքում արդեն հասցրել էր լինել բոլոր թեժ կետերում` Հադրութ, Մարտակերտ, Ջաբրայիլ, Լաչին, վերջում էլ հայտնվել Շուշիում։

Գոռն իր գրադով թշնամու վախն էր դարձել, հասցրել էր արդեն մահից փրկվել (զինակից ընկերները մեքենայով տեղափոխվելիս անօդաչուի կրակից զոհվել էին, իսկ ինքը հրաշքով հասցրել էր ընկերներից մեկի հետ դուրս նետվել մեքենայից, երկուսով էին միայն ողջ մնացել), բայց այդ օրն առանձնահատուկ էր լինելու` Գոռը ցավը սրտում ավելի էր ուժեղանալու։

Թեժ մարտերից մեկի ժամանակ Գոռի հրամանատարը հրամայում է Գոռին թողնել գրադն ու նահանջել, բայց Գոռը որոշում է շարունակել կրակել, որովհետև առաջնագծում կռվողների թիկունքն ուզում էր պահել, որ հասցնեն նահանջել։

Վերջին կրակի ժամանակ անօդաչուն ֆիքսում է գրադն ու կրակում…. Գրադը պայթում է, Գոռի հրամանատարը գոռալով սկսում է արդեն սգալ եղբորս մահը, բայց… մի քանի րոպե հետո Գոռը ողջ ու առողջ դուրս է գալիս մեքենայից ու կանչում` ԵՍ ՈՂՋ ԵՄ !!!

Այս դեպքից հետո առավել ևս սահմանում արդեն վստահ էին` Գոռը Աստծո պահած զավակն է, նրան մահը երբեք չէր հաղթելու։ Այդպես էլ եղավ, Գոռս հունվարին զորացրվեց` հոգում սարսափելի օրերի հիշողությունները պահած, բայց դրանց մասին երբեք չխոսելով։ Վերջերս Հ1-ը տեսանյութ էր պատրաստել, որտեղ զինվորականներից մեկը նաև պատմում է Գոռի անիրական սխրանքի մասին ու Գոռս դրանից հետո ինձ գրում է.

-Քուրս փաստորեն ինձ հիշում են, ես գիտեի արդեն մոռացել են…Քեզ երբեք չեն մոռանա իմ հերոս ախպեր, քանի կամ ես, խոսք եմ տալիս։

 Ի դեպ, Գոռն օր ու գիշեր գրադ է կրակել ու 44 օր իրեն փոխարինող չէին գտնում։ Մի անգամ զանգեց ու կատակեց.-Քուրս, էնքան մարդ չգտանք, որ ինձ փոխարինի, որ ստիպված ռուս խաղաղապահներն եկան, որ հանգստանամ;