Հետախույզ Կամո Բախշիյանը 4 տարեկան է եղել, երբ թուրքերն իր աչքի առաջ հորը գյուղից գերի են տարել. Կարդացե՛ք նրա ՀԵՐՈՍԱԿԱՆ պատմությունը

Կամո Բախշիյանը հետախույզ էր։ Մարտակերտում ծնված և մեծացած Կամոն իր կյանքի 14 տարին նվիրեց հայրենիքի ծառայությանը: Կամո Բախշիյանը 4 տարեկան է եղել, երբ թուրքերն իր աչքի առաջ հորը գյուղից գերի են տարել, երբ երեխան վերջին պահին ցանակացել է հորը հրաժեշտ տալ, թուրքերը հրել և տանկի վրայից գցել են նրան, և այդ պահից Կամոն որոշել է, որ պիտի զինվորականի ուղին ընտրի, որպեսզի պաշտպանի իր տունը, իր սիրելի Արցախը:

kamo

«Կամոն հստակ գիտեր, որ թուրքը իր թշնամին է, և վրեժով էր լցված թուրքերի հանդեպ, որովհետև իր մանկության մեջ մի ժամանակահատված կա, որտեղ ինքը առանց պապա է մեծացել, և դա մնացել էր իր հիշողության մեջ: Կամոն մասնակցել է Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներին:

Կամոն շատ տարբեր էր տանը, ծառայության մեջ և առհասարակ կյանքում։ Բայց նա մի առանձնահատուկ հատկանիշ ուներ՝ չափազանց հավատարիմ էր, նվիրված, անձնազոհ։ Շատ ռոմանտիկ էր որպես ամուսին և սիրելի, հոգատար և ուշադիր՝ որպես հայր, խոհեմ՝ որպես որդի, նվիրված՝ որպես ընկեր, պատասխանատու և անձնազոհ՝ որպես զինվորական։ Ու ցանկացած իրավիճակում նա ելք ուներ, նա ոչինչ առանց մտածելու չէր անում։ Նրա ներկայությունը ապահովության զգացում էր փոխանցում։ Կամոյի մասին այնքան շատ բան կա պատմելու, այնքան հուշեր, որ ինձ մնում է միայն ապրել դրանցով ու իհարկե նրա որդիներով, ովքեր իրենց մեջ մի պատառիկ Կամո են…»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված հետախույզ Կամո Բախշիյանի կինը՝ Ալվարդ Ավթանդիլյանը:

Կամո Սերգեյի Բախշիյանը ծնվել է 1988թ. փետրվարի 21-ին Մարտակերտում: Հետախույզ հրամանատարը 14 տարի ծառայել է զինված ուժերում՝ սկզբում որպես տանկիստ, այնուհետև սակրավոր հետախույզ և հետախույզ հրամանատար: Մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, կռվել Թալիշի ամենաթեժ կետերում:

zinvorner

Կամոն, ինչպես միշտ, ցանկացած առաջադրանք կատարելիս առաջինն էր և Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից մարտնչել է: Ետ է վերցրել երկու դիրք, անցել երրորդին: Երրորդ դիրքը գրավել են, և առաջինը նա է մտել այդ գրաված դիրք և այդ դիրքում էլ զոհվում է թաքնված թշնամու կրակոցից, սեպտեմբերի 28-ին:

Կամո Բախշիյանը ամուսնացած էր, ունի երկու որդի:

«Կամոյի հետ վերջին զրույցս սեպտեմբերի 27-ի գիշերն էր, բայց առավոտյան մինչև նոր մարտական առաջադրանքի գնալը 28 անգամ զանգել է ինձ, բայց քանի որ կապը նորմալ չէր աշխատում, զանգը ինձ չի հասել։ Հետո եմ տեսել, երբ հեռախոսը ինձ փոխանցեցին։

hetakhuyz

Իսկ զգացողությունը, որ նա էլ չկա, հենց այդ պահին եմ զգացել… մի տեսակ դատարկություն ներսում, բայց երբ սիրում ես մեկին, ու նա ապրում է, կարևոր չէ որտեղ, այդ զգացումը քեզնից դուրս է գալիս և հասնում հասցեատիրոջը։ Իսկ երբ նա էլ չկա, զգացմունքդ քեզնից դուրս է գալիս ու կարծես չգտնելով՝ անդրադառնում է քեզ։ Միայն այդ ժամանակ զգացի՝ ինչ է կորցնելը…

Ինձ համար ավելի շատ պարտավորեցնող է առհասարակ շարունակել ապրելը ու առավել պարտավորեցնող է հենց Արցախում ապրելը։

Արցախը ինձ համար հիմա ուրիշ է, Արցախը հիմա Կամոյի շունչն ունի, չեմ կարող թույլ տալ, որ Արցախն էլ մարի»,- եզրափակեց Ալվարդ Ավթանդիլյանը: