Կարմիր և սև տուֆերից ստեղծված այս գլուխգործոցը այժմ կիսավեր վիճակում է․ ծանոթանանք Արտավազիկ եկեղեցուն

Արտավազիկ եկեղեցին գտնվում է Բյուրական գյուղի մոտ գտնվող կիրճում։ VII դարում կարմիր և սև տուֆից կառուցված եկեղեցին խաչաձև գմբեթավոր կառույց է։ Արևելյան թևը կիսաշրջանաձև է, մնացածը՝ ուղղանկյուն։ Հյուսիսարևմտյան կողմում կա մի փոքրիկ մատուռ։ Արևմտյան մուտքը զարդարված է զույգ կիսասյուներով շրջանակված պորտալով։

Եկեղեցու արևելյան կողմում կա 13-րդ դարի խաչքար։ Առաջին անգամ եկեղեցին վերակառուցվել է XII դարում, երկրորդ անգամ՝ 1959-1960 թվականներին։ 1840 թվականի ջրհեղեղը զգալի ավերածություններ է առաջացրել։

Արտավազիկ եկեղեցին հայ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ առանձնանում է իր ինքնատիպությամբ։ Ցավոք սրտի, այն չի հիշատակվում պատմական աղբյուրներում, իսկ բուն եկեղեցու շենքի վրա վիմագրական արձանագրություններ չեն պահպանվել։ Վարկածներից մեկի համաձայն՝ եկեղեցին կոչվել է այն կառուցած Արտավազդի անունով։ Եկեղեցին այսօր կիսավեր վիճակում է։