Մարդասպան թուրքը երբեք մարդ չի դառնա. ինչպե՞ս ոճրագործները Երևանի բանտում սպանեցին «իրենց կոկորդին կանգնած» Սարդարապատի ԼԵԳԵՆԴՆԵՐԻՆ

100 տարի առաջ` 1921 թ. փետրվարի 17` լույս 18-ի գիշերը բոլշևիկներ դահիճները Երևանի բանտում իրականացրին մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ոճրագործություն` թուրք մսագործի ձեռքով կացնահարելով հայազգի մի խումբ մտավորականների ու զինվորական գործիչների (թվով 21 հոգի), որոնցից շատերը Սարդարապատի ճակատամարտի հերոսներ էին:Նախորդ գիշեր` փետրվարի 16-ին նրանք գնդակահարել էին ևս 50 հոգու ու լցրել բանտի ներսում նախապես փորված հորերը:

Եվ որպեսզի մերձակայքում ապրող բնակիչները չիմանային կատարվող սպանդի մասին, բանտի փողոցում մեքենաներ էին կանգնեցրել ու վարորդներին պարտադրել միացրած պահել ազդանշանները, որպեսզի ժխորի մեջ լսելի չլինեն կրակոցների ձայնն ու բանտարկյալների աղաղակները:Կացնահարվածների մեջ էին Խմբապետ Համազասպը, որին ժողովուրդը Վանի, Ասկերանի դյուցազն էր անվանում, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը (Կորգանով)` Ղարաքիլիսայի ճակատամարտի հեծելազորային գնդի հրամանատարը, Երանոս Թարվերդյանը, բանվոր Սերգոն, Մակեդոնը, Արտուշ խանը, Կամսար Քոչարյանը, Լևոն Ենգիբարյանը, Վարդան Թամրազյանը, Նիկոլայ Բոգդանյանը, եղբայրներ Մուշեղ և Մուրադ Հարությունյանները և ուրիշներ…

Նրանք սպանվեցին առանց հանցանք գործելու, լոկ այն պատճառով, որ բոլշևիկները նրանց մեջ “վտանգ” էին տեսնում:Այո’, իհարկե “վտանգավոր” էին ՆՐԱՆՔ, քանի որ չէին ուզում իրենց երկիրը նորից ստրկացված տեսնել և այնքա՜ն դժվարությամբ ձեռք բերված անկախությունը, որն ընդամենը 2,5 տարեկան մանուկ էր, դնել բոլշևիզմի “սապոգի” տակ: