Ու՞մ էր ձեռնտու ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ մահը. հետաքննություն, որը անցկացվեց խիստ գաղտնի պայմաններում

1848 թվականի ապրիլի 1-ի, լույս 2-ի առավոտյան Խաչատուր Աբովյանը տնից դուրս է գալիս և այլևս չի վերադառնում: Շուտով ցարական իշխանությունները նրան հայտարարում են «անհայտ բացակայող»: Ովքե՞ր էին Աբովյանի բացակայության շահագրգիռ կողմերն ու անհետացման ի՞նչ վարկածներ կան՝ ստորև:

  • Աբովյանն ու թշնամական միջավայրը

Խաչատուր Աբովյանն իր ժամանակների ամենակիրթ և առաջադեմ մարդկանցից էր, նրա լուսավորական ու առաջադիմական հայացքները հաճախ հանգիստ չէին տալիս գերակշռող խավարամիտներին: Բացի այդ, «Վերք Հայաստանի» բացառիկ վեպի հեղինակի հանդեպ նախանձի առիթ էր տալիս, այն մեծ ժողովրդականությունն ու սերը, որ նա վայելում էր: Աբովյանի և տեղի իշխանական  պարագլուխների հարաբերությունները բարդ էին ընթանում, լարված էին մասնավորապես, նրա հարաբերությունները գավառապետ Բլատովսկու հետ, վերջինիս միջնորդությամբ էլ Խաչատուր Աբովյանը ստիպված եղավ 3 օր անցկացնել տնային կալանքի տակ՝ անհիմն պատճառներով: Շուտով՝ 1848 թվականի հունվարի 5-ին Աբովյանը մեկնում է Թիֆլիս և դառնում Ներսիսյան վարժարանի տեսուչ: Նույն թվականի մարտի 6-ին Աբովյանը խնդրում է ազատել իրեն վերոնշյալ պաշտոնից, մեկ ամիս չանցած տարածվում է Աբովյանի անհետացման լուրը…

  • Հետաքննություն

Աբովյանի գործը սկսում են քննել միայն մեկ շաբաթ անց: Սկսվում են անհավանական լուրեր տարածվել գրողի մասին… Այդ օրերին տարածված վարկածներից առաջինն այն էր, որ Աբովյանը ինքնասպան է եղել՝ խեղդվելով գետում. այս վարկածը հիմնավորվում էր, նախ մի քանիսի վկայություններով, որոնք պնդում էին, թե տեսել են վերջինիս գետի ափին, և առհասարակ, մտերիմները խոստովանում էին, որ Աբովյանը սիրում էր նստել այդտեղ, երբ բարկացած էր լինում: Երկրորդ վարկածն այն էր, որ Աբովյանը փախել է հալածանքներից և գնացել դեպի Եվրոպա, որտեղ մասնակցել է ֆրանսիական հեղափոխությանը: Այս լուրերն, ամենայն հավանականությամբ, չունեին հստակ հիմքեր և տարածվում էին գործի բացահայտմանը խանգարելու նպատակով:

  • Ու՞մ էր ձեռնտու Աբովյանի մահը

Աբովյանի հակառակորդների թվում առաջինը Երևանի փոստապետ Արտեմ Քալանթարյանն էր: Քալանթարյանը բազմիցս կասկածի տակ էր դրել այն փաստը, որ Խաչատուրին հաջողվել է գրավել Արարատի գագաթ: Այս կասկածը հերքելու նպատակով Աբովյանը մեծ գումարով գրազ էր եկել վերջինիս հետ, որ կհաղթահարի այդ բարձրունքը ևս մեկ անգամ՝ գարնանը: Հենց այս տեսանկյունից Քալանթարյանին ձեռնտու էր, որ գրողը անհետանա մինչև գարուն:

Ըստ մեկ այլ վարկածի Աբովյանի անհայտացմամբ շահագրգռված էին նրա պարտապանները, որոնք մեծ գումարներ էին պարտք գրողին: Աբովյանի հանդեպ թշնամաբար էին տրամադրված նաև ռադիկալ թուրք մահմեդականները, որոնց դուր չէին գալիս, ռուսական կրթություն ներմուծելու, գրողի  ջանքերը: Ըստ 4-րդ վարկածի Խաչատուր Աբովյանին Սիբիր էին աքսորել ռուսները, սակայն ոչ մի փաստարկ կամ արխիվային նյութ այս մասին չի հայտնաբերվել:

  • Ամենահավանակ վարկածը

Շաֆի-Բեկն Աբովյանի աշակերտներից մեկն էր, նրա հայրը ժամանակին մեկնել էր Պարսկաստան, քանի որ մեծ պարտքեր էր կուտակել Երևանում: Կինը՝ գեղեցկուհի Սուրան և որդին մնացել էին Երևանում: Իշխանությունները սպառնում են ընտանիքին պարտքերի դիմաց առգրավվել նրանց տունն ու այգին, այդ ողբերգական իրավիճակից ելք գտնելու համար թրքուհի Սուրան օգնություն է խնդրում Խաչատուր Աբովյանից: Հայ գրողը փրկում է այդ ընտանիքը կործանումից՝ պարբերաբար ֆինանսական աջակցություն ցուցաբերելով: Ժամանակակիցները մատնանշում են նաև, որ  Աբովյանի ու Սուրայի միջև սիրային հարաբերություններ են եղել:

Այս վարկածի համակիրները վկայում են, որ Աբովյանին սպանել են Շաֆի-Բեկն ու նրա՝ պարսկաստանից վերադարձած հայրը, իսկ պատճառը Խաչատուրի ու Սուրայի ենթադրյալ սիրավեպի մասին լուրերն են եղել: Այս մասին վկայում է նաև Աբովյանի աշակերտ Վարդան Խուդաբաշյանը, վերջինս Լևոն Տիգրանյանին պատմել է, որ 1848 թվականի մայիսին մի թուրք նրանց ցույց է տվել Աբովյանի գերեզմանը, որը Շաֆի-Բեկի այգում տնկած ընկուզենու տակ էր:

Մինչև օրս էլ անհնար է վստահությամբ ասել՝ արդյո՞ք հենց այս թրքուհին է դարձել Աբովյանի մահվան պատճառը, թե ոչ: Մի բան փաստ է. Խաչատուր Աբովյանը մարդ էր, որը հասցրել էր իր գործունեության բերումով շատ թշնամիներ ձեռք բերել: