Զինվորի թաղման արարողության ժամանակ զանգում է սպան և ասում, որ նա ողջ է. 18-ամյա ՀԵՐՈՍ Սամվել Ալավերդյանի պատմությունը

«Մեկ-մեկ դուռը խփում են, վազելով գնում եմ, ասում՝ Սամոս եկավ, անընդհատ ոնց որ ես սպասեմ, որ ինքը դուռը պիտի խփի, ներս մտնի»,- հուզմունքով ասում է 41-ամյա Նելլի Դավթյանը, որը պատերազմում կորցրել է 18-ամյա որդուն։

Սամվել Ալավերդյանը ժամկետային զինծառայող էր, պատերազմի ժամանակ թեժ կետերում է կռվել հակառակորդի դեմ, բայց ընտանիքի անդամներին ասել՝ մենք նորեկ ենք, մեզ ոչ մի տեղ չեն տանում։ Նելլին որդու հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 10-ին, իսկ հաջորդ օրը տղայի հետ դեպքը տեղի ունեցավ:

Չնայած Նելլին նախապես զգացել էր որդուն կորցնելու ցավը, բայց նրան ավելի ուշ են հայտնել ողբերգական լուրը: Մայրն ասում է, որ որդու մարմինը անձամբ չի տեսել, քանի որ առողջական խնդիրներ ունի, թույլ չեն տվել, որդուն հարազատները ճանաչել են ոտքի սպիով։ 

sam

«Հաջորդ օրը երեխուն բերեցին, էդ ժամանակ մենք երկրորդ անգամ էդ ամեն ինչի միջով անցանք… Հենց թաղման արարողության ժամանակ, որ երեխուն պետք ա դուրս հանեին, ամուսնուս զանգ եկավ: Ասեցին՝ Սամվել Ալավերդյանի հոր հետ ենք խոսում, ասեց՝ հա՛, ասեցին՝ բա Սամվելը ձեզ չի՞ զանգել… Սաղս քարացանք, ամուսինս ասեց՝ չէ՛, բա ասեց՝ հեսա երեխեն կզանգի, ու ես էլ բան չեմ հիշում»,- հիշում է Նելլին ու ասում, որ սխալ տեղեկություն էր եղել՝ իբր որդին ողջ է։

«Տղայիս աֆիցերն էր մեզ զանգողը, որ տեսել են՝ երեխուս ավտոն նորմալ ա, ու մի քանի հոգի փրկվել են, Հադրութի անտառներում են եղել, ինչ-որ մեկը նմանացրել ա Սամիս, ասել ա՝ ինքը փախել ա, իրան բան չի եղել, էս մարդն էլ ուզեցել էր մեզ լավություն անել, բայց հակառակը ստացվեց»։

Նելլին ասում է, երբ զանգը ստանում են, չի թողնում որդուն հուղարկավորել, քանի որ մտածում են՝ որդին ողջ է․ «Սաղս խառնվեցինք իրար, սպասեցինք, բժիշկ եկավ, բացեցին, սկեսրայրս մտել տեսել էր, եկավ ասեց՝ չէ՛, բալա՛ ջան, Սամն ա»։

Նելլին պատմում է, որ որդին զոհվել է մարտի դաշտում, երբ մեքենայով գնացել էր սնունդ տեղափոխելու և զոհվածներին դուրս բերելու:

Զոհվելու լուրը ստանալուց սկսած Նելլին ասում է՝ իր կյանքը սուտ դարձավ։

Սամվելը բարի էր, ընկերասեր, համեստ ու շատ երազանքներ ուներ՝ պատմում է մայրը։

Որդեկորույս մայրն ասում է՝ որդուն հուղարկավորել են, բայց մինչև այսօր չի հավատում, որ որդին այլևս տուն չի մտնելու, ասում է՝ «Ես մինչև կյանքիս վերջը իրեն սպասելու եմ»։