Առաջին հայ տիեզերագնացը

Երբ խոսում են այն մասին, թե ով առաջինը գնաց տիեզերք, բոլորը հիշում են Յուրի Գագարինին: Սակայն ո՞վ է այն հայը, որ առաջինը գնաց տիեզերք: Նրա անունը Ջեյմս Բաղյան է, և նա ծնվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում:

Բաղյանի ընտանեկան ազգանունն ի սկզբանե եղել է Քունդեբաղյան, սակայն ամերիկյան ներգաղթային ծառայության աշխատակիցներն այն կրճատել են և դարձրել Բաղյան: Ինչպես հազարավոր այլ հայեր, Բաղյանի ընտանիքը նույնպես գաղթել է Արևմտյան Հայաստանից Ցեղասպանությունից փրկվելու համար: Բաղյանի մայրը գերմանուհի է, իսկ հայրը՝ զտարյուն հայ:

Ջեյմս Բաղյանը հաճախել է Ֆիլադելֆիայի կենտրոնական միջնակարգ դպրոցը։ 1969-1973 թվականներին սովորել է «Drexel» համալսարանում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի բակալավրի որակավորում։ Ապա ուսումը շարունակել է «Thomas Jefferson» համալսարանում և 1977 թվականին, պաշտպանելով թեզը, ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում։

1989 թվականի մարտի 13-18-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով։

Նա մարդկային գործոնների, շրջակա միջավայրի և տիեզերանավի բժշկության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ Ջեյմսը 337 ժամ է անցկացրել տիեզերքում։

Այժմ Բաղյանը զբաղվում է պրոֆեսիոնալ կենսաբժշկական հետազոտական աշխատանքներով և ղեկավարում է «Վետերանների առողջության պահպանման» ազգային կենտրոնը։

Հայ տիեզերագնացն ամուսնացած է ամերիկուհի Թանդ Բենսոնի հետ։ Նրանք 4 զավակ ունեն։