Առանց հայ ակադեմիկոսի Խորհրդային միությունը դժվար թե կարողանար ռմբակոծիչ ստեղծել

Անդրանիկ Իոսիֆյանը գիտական ու կոնստրուկտորական շրջանակներում ճանաչման է հասել դեռ 1930-ականներին` իր առաջարկած յուրահատուկ լուծումների շնորհիվ՝  մեքենաներում ու ուղղաթիռներում էլեկտրաշարժիչների համար։ Նախագծերը նկատվել են ու արժանացել բարձր գնահատանքի, որից հետո Իոսիֆյանին ուղարկել են զինվորական տեխնիկայով զբաղվելու և «փակի տակ» են դրել։

Հենց Իոսիֆյանն է ուղեծիր հանել օդերևութաբանական արբանյակները, և հետո մեծ մասամբ նրա մշակումների վրա է հիմնվել «Սոյուզ» սերիայի տիեզերանավերի, «Պրոգրեսի» ավտոմատ տրանսպորտային բեռնատար նավերի, «Սալյուտ» և «Միր» բազմակի օգտագործման ուղեծրային կայանների էլեկտրատեխնիկան։ Նրա յուրաքանչյուր խոշոր աշխատանքը լեգենդ է դարձել, իսկ հեղինակը՝ լեգենդար։ Նրան անվանել են «ամենայն հայոց էլեկտրիկոս»։

Ղարաբաղի Ծմակահող գյուղում ծնված Իոսիֆյանը Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում է ստացել «հրթիռային տեխնիկայի ու նմուշների ստեղծման և մարդու տիեզերական բարեհաջող թռիչքն ապահովելու գործում ունեցած ավանդի համար»։ Խոսքը Գագարինի առաջին թռիչքի մասին էր, որն իրականացվել է 1961 թվականի ապրիլի 12-ին։ Վերջապես նա է հասել Տու-4-ի ստեղծմանը, որն ամերիկյան В-29–ի կրկնօրինակն էր, ծանր ռմբակոծիչ։

Արդեն 1945 թվականի մայիսին ռմբակոծիչ ստեղծելու խնդիր դրվեց, ու ամենաարագ տարբերակը կրկնօրինակելն էր։ Ստալինն այդ գործը հանձնարարեց ավիակոնստրուկտոր Անդրեյ Տուպոլևին․ «թռչող ամրոց» (այդպես էին անվանել В-29-ը) սարքել հնարավորինս սեղմ ժամկետում։ Տուպոլևի մոտ ռմբակոծիչի էլեկտրասարքավորման հետ կապված խնդիրներ առաջացան։ Այստեղ էլ միացավ Իոսիֆյանն իր խմբով։

Տարբեր աղբյուրներ տարբեր կերպ են պատմում այդ պատմությունը։ Երկու վարկած կա։ Ըստ մեկի՝ Տուպոլևը Իոսիֆյանին բերել է Գրիգորի Մալենկովի մոտ, որը կարևոր ռազմական նախագծեր էր համակարգում։ Երկրորդ վարկածի համաձայն՝ այդ հայ «էլեկտրիկոսն» իր նախաձեռնությամբ է խոսել Մալենկովի հետ։ Ամեն դեպքում կարևոր է, որ արդեն 1949 թվականին Տու-4-ը համալրեց ԽՍՀՄ–ի զինանոցը։

Երկար ու քրտնաջան աշխատանքը չի ձանձրացնում նաև այն պատճառով, որ ընթացքում չնախատեսված ծիծաղելի դեպքեր են լինում։ Մի ամբողջ ռմբակոծիչ կրկնօրինակելու համար պետք էր բազում տեխնիկական նկարագրություններ ու շահագործման վերաբերյալ թղթեր թարգմանել, դրանք ծավալով տարբերվում էին փոշեկուլի համար նախատեսված գրականությունից։

Թարգմանելը հեշտ էր, ամերիկացիներն իրենց համար պարզ լեզվով էին գրում՝ ընթերցողի խնդիրը հնարավորինս պարզեցնելու համար։ Բայց խորհրդային մասնագետները չէին կարողանում հասկանալ հետևյալ արտահայտությունը. «…որից հետո անհրաժեշտ է գործարկել քըխ–քըխ–ը»։ Բոլոր թարգմանիչներին հարցրին, ունեցած բոլոր բառարաններում նայեցին։ Անօգուտ էր։

Նստած մտածում էին, թե ինչ կարող է դա նշանակել, եկավ Իոսիֆյանը։ Կարդաց «քըխ-քըխ»–ը, նայեց գծագրությունները և մատը դրեց դրանցից մեկի վրա` սա է պետք միացնել։ Սարքը վթարային գեներատորի շարժիչն էր, հենց միացրին, արտաժայթքման խողովակը սկսեց «քըխ-քըխ» անել։

Անդրանիկ Իոսիֆյանը մահկանացուն կնքել է խորհրդանշական մի օր՝ 1993 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը` Տիեզերագնացության օրվա առաջին գիշերը։