Լսե՞լ եք Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկի՝ Երերույքի մասին․ որտեղի՞ց է առաջացել եկեղեցու անունը

Ախուրյան գետի ափին է գտնվում 4-5-րդ դարերում կարմրավուն տուֆից կառուցված եռանավ բազիլիկան, որը համարվում է Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը: Բացի ամենահինը լինելուց, այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է: Ըստ Նիկողայոս Մառի կողմից վերծանված արձանագրության՝ այն ժամանակին կոչվել է Սբ. Կարապետ: Տաճարն իրենից հսկա բազլիկ է ներկայացնում, որը կառուցված է աստիճանաձև հիմքի վրա։

Yereruik monastery


Համաձայն ժողովրդական ստուգաբանության՝ Երերույքի տաճարի անվանումն առաջացել է սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծումների շնորհիվ. հեռվից նայելիս թվացել է թե կառույցը երերում է, այսինքն թեթևակիորեն շարժվում է: Տաճարն իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության տարրերն ու ավանդույթները:

Տաճարի մուտքերից մեկի մոտ պահպանված արձանագրությունը վկայում է, որ 11-րդ դարում Բագրատունյաց Հովհաննես-Սմբատ թագավորի կինն աջակցել է տաճարի վերանորոգման աշխատանքներին:

Պատկեր:Երերույքի տաճար 03.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան


Եկեղեցին մեծ համալիրի կազմում է գտնվում բաղկացուցիչ այլ կառույցների հետ: Բայց մասնագետներն առեղծվածային են համարում դրանց գոյությունն ու կապը միմյանց հետ: Եկեղեցու շուրջ մի պարիսպ է կառուցված, դրանից դուրս՝ ստորգետնյա սենյակներ և այլ շինություններ, ավելի նորքև՝ ձորակի մեջ՝ տարօրինակ մի կառույց, իսկ ավելի հեռու՝ ջրամբարի պատնեշ ու նույնիսկ բնակավայր:


Տաճարի հարևանությամբ, ցածրադիր մասում երկու քարայրների մուտքեր են, իսկ դրանց վերնամասում գետնի վրա անցքեր են նկատվում, որոնցից էլ լուսավորվում են ներքևում գտնվող քարայրների ընդարձակ սրահները: Ենթադրվում է նաև, որ այդ անցքերը երդիկի դեր են կատարել:
Տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ նորածինների թաղումներ, և դրանց մեծաքանակությունը հուշում է, որ այն, ամենայն հավանականությամբ կապված է ինչ-որ աղետի հետ:

Պրովանսի համալսարանի հայագիտության դասախոս, հնագետ Պատրի Տոնապետյանը, 2011-ի պեղումներից հետո կարծիք է հայտնել, որ դա կապ է ունեցել եկեղեցու բնույթի հետ. Երերույքի տաճարը նվիրված է եղել սուրբ Հովհաննես Մկրտչին, որը շատ սիրված է եղել Հայաստանում: Լինելով Հիսուսի մկրտիչը՝ գուցե մարդկանց պատկերացման մեջ թույլ է տվել այստեղ թաղել նորածին երեխաներին, ովքեր դեռ մկրտված չեն եղել: Ամենայն հավանականությամբ՝ այս թաղումները կատարվել են 5-6-րդ դարերում: