Ո՞վ էր ամենայն հայոց սոխակը

Հայ մեծագույն սոպրանո, Լուսինե Զաքարյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Ախալցխայում: Դեռ փոքրուց է հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության հանդեպ:Լուսինեն սերում էր երաժիշտների գերդաստանից: Ռուսախոս երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին’ Հրանտ Գևորգյանին, խնդրեց թույլ տալ իրեն երգել մայր տաճարի Երգչախմբում: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմեց Վազգեն Առաջին Կաթողիկոսին, բայց Վեհափառի պատասխանը բացասական եղավ: Այնուամենայնիվ Հրանտ Գևորգյանը Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ի բառերը ռուսերեն տառերով գրեց, որպեսզի Լուսինեն կարողանա այն սովորել: Լուսինեի առաջին ելույթը Մայր տաճարում մեծ անակնկալ եղավ Կաթողիկոսի համար: Հիացած նորահայտ երգչուհու տաղանդով նա պատվիրեց անմիջապես գրանցել Լուսինեին երգչախմբում, որտեղ նա սպասավորեց իր ողջ կյանքի ընթացքում:

Լուսինեն, նախ ուսուցչի, այնուհետև ամուսնու՝Խ.Պալյանի ջանքերով սովորեց հայերեն եւ գրաբար, և նվիրվեց հայ հոգևոր երաժշտությանը: Լուսինեի եզակիությունը հայ մշակույթի համար, նրա պատմական դերի մեջ էր: Նա կարողացավ անել այն, ինչ երկար տարիներ թվում էր անհնար: Խորհրդային իշխանության պայմաններում Լուսինեն կարողացավ եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը դուրս բերել եկեղեցուց և դարձնել համաժողովրդական: Հոգևոր երաժշտությունը, մեր միջնադարյան տաղերը ժողովուրդն ընդունեց գարնանային թարմ ու կենարար օդի պես:

Լուսինեն գերեց ու ոչ միայն հայ, այլև օտարազգի ունկնդրի սիրտը: Բազմիցս համերգներով եղել է արտերկրում ,որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին , հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները: Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ: Լուսինեի համար է կոմպոզիտոր Ա.Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզը»: Նրան բանաստեղծություններ են ձոնել Ս.Կապուտիկյանը ,Վ.Դավթյանը,Պ.Սևակը , այլազգի բանաստեղծներ:

Լուսինեն մահացավ 55 տարեկան հասակում՝ 1992թ դեկտեմբերի 30-ին: Նրա հիշատակին Վազգեն Առաջինը ասել է. «Լուսինեն մեզ հետ չէ հիմա… Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ’ երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել»: Լուսինե Զաքարյանը թաղված է Սուրբ Գայանե վանքի բակում: