Տարազով աղջիկների արձանների հեղինակը. որ հայտնի կին քանդակագործի մասին է խոսքը
Երևան քաղաքի տարբեր անկյուններում գրեթե բոլորն են տեսել տարազով կանանց արձանները, սակայն շատերը չգիտեն, որ դրանց հեղինակը հայտնի քանդակագործ-խեցեգործ Հռիփսիմե Սիմոնյանն է:
Հռիփսիմե Սիմանյանը ծնվել է Կարսում 1916 թ.: Նրա ընտանիքը մացապուրծ փախել է Ցեղասպանությունից և 1918 թ. հաստատվել Թբիլիսիում: Հռիփսիմեն ավարտել է տեղի դպրոցը: Այնուհետև 1945 թ. ավարտել է Թբիլիսի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետի խեցեգործության բաժինը:

1945 թվականին Հայաստանի Նկարիչների Միությանը կից կազմակերպել է կիրառական արվեստի բաժին և ղեկավարել մինչև 1975 թվականը։ Երևանի հախճապակու գործարանի մասսայական արտադրության համար ստեղծել է մանրաքանդակների շարք, ամանեղենի հավաքածուներ։ 1960 թվականից աշխատել է հրակավով։
Սիմոնյանի ստեղծագործության զարգացումն ընթացել է հախճապակե և խեցե մանրքանդակներից, անոթների ձևերից դեպի ճարտարապետական խեցեգործությունը՝ հրակավե մեծ դեկորատիվ քանդակներ, որոնք տեղադրված են Երևանի հասարակական շենքերում: Հռիփսիմե Սիմոնյանի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններում, նաև Կուսկովոյի կերամիկական թանգարանում, Մոսկվայի Արևելքի Ժողովուրդների արվեստի թանգարանում, Լենինգրադի ազգագրական թանգարանում և այլուր։