19-ամյա ՀԵՐՈՍ Արեն Սարգսյանից ընտանիքը 20 օր լուր չուներ. Ճանաչե՛նք մեր հզոր քաջորդիներին

19-ամյա Արեն Սարգսյանը ընդամենը երկու ամիս էր՝ ինչ մեկնել էր ժամկետային ծառայության, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Ծառայել է Մարտունիում, պատերազմի օրերին հակառակորդի դեմ կռվել Մարտունի 3 պաշտպանականում։

Արեն Սարգսյանի քույրը՝ 20-ամյա Լուսինե Սարգսյանը, ասում է, որ երբ պատերազմը սկսվեց, անհանգիստ էին, քանի որ եղբայրը առաջնագծում էր, բայց Արենը մշտապես լավատեսորեն էր տրամադրված, ասում էր՝ սաղ լավ ա լինելու։ 

Բայց այդպես չեղավ՝ հուզմունքով ասում է քույրը։

aren

Արենն ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 25-ին, հաջորդ օրն արդեն նրա հեռախոսն անհասանելի է եղել։ «Հոկտեմբերի 25-ին խոսեցինք, հարցրեց՝ ո՞նց ենք, սաղից հարցրեց, տնեցիքի հետ էլ խոսեց։ Հոկտեմբերի 26-ից արդեն զանգ չկար»,- ասում է քույրն ու լռում։

Շուրջ 20 օր ընտանիքը լուր չի ունեցել Արենից։ Լուսինեն ասում է՝ արդեն մտածում էին, որ կամ զոհվել է, կամ գերի ընկել․ «Նոյեմբերի 15-ին իմացանք, որ անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է»։

Սարգսյանների ընտանիքը բնակվում է Մարտունի շրջանի Հերհեր գյուղում: Լուսինե Սարգսյանն ասում է, որ եղբոր զոհվելուց հետո ընտանիքի անդամների դեմքին այլևս ժպիտ չկա, ամբողջ օրն անցնում է Արենի մասին հուշերով ու հիշողություններով: 

Քույրը պատմում է, որ եղբայրը որոշել էր բանակից գալ, նշանվել, բայց… չհասցրեց․ 

«Սիրած աղջիկ ուներ, միշտ ասում էր՝ բանակից գամ, գնամ, նշան դնեմ, տենց էլ մնաց․․․ Իրանց դասարանից էր աղջիկը։ Հիշում եմ՝ եղբորս վերջին զանգի օրը սաղ դասարանցիները նվերներ էին տվել, իր սիրած աղջիկն էլ էր նվեր տվել, դրան առանձնահատուկ էր վերաբերվում, մինչև հիմա էլ մենք պահում ենք»:

Արենը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Արցախի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժին, ուզում էր ֆիզկուլտուրայի ուսուցիչ դառնալ։ 

Բարի էր, ընկերասեր, գյուղում բոլորը նրան շատ են սիրել, քչախոս էր, բայց տարբեր առիթներով 16-ամյա եղբորն ու 20-ամյա քրոջը մշտապես խորհուրդներ էր տալիս: 

Արեն Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։