63-ամյա Ռոմելլան պատերազմում կորցրել է երկու թոռանը և եղբոր տղային. Նրա կյանքը կանգ է առել

63-ամյա Ռոմելլա Առաքելյանի կյանքում Արցախյան պատերազմները միաժամանակ մի քանի դառնություն են բերել. 44-օրյա պատերազմում կորցրել է երկու թոռանը, եղբոր տղային, իսկ 90-ականների պատերազմում՝ ամուսնուն:

«Կյանքս շատ դժվար ա։ Ախպերս էլ մահացավ, որ իմացավ իր տղան զոհվել ա, չդիմացավ էդ ծանրությանը։ Շատ ծանր ա»,- արցունքների միջից ասում է Ռոմելլան։

Ռոմելլա Առաքելյանը նոյեմբերին իմանում է թոռներից 19-ամյա Արեն Սարգսյանի զոհվելու մասին լուրը, մյուս թոռան՝ 20-ամյա Վահան Առաքելյանի զոհվելու մասին տեղեկանում է շատ ավելի ուշ՝ զոհվելուց շուրջ 5 ամիս անց։

vahan araqelyan

Վահան Առաքելյանը Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է։ Ժամկետային զինծառայության մեջ էր, երբ սկսվեց պատերազմը։ Պատերազմի ժամանակ կռվել է Մարտունիում և Ջրականում, որտեղ էլ զոհվել է։

«Ջրականում 72 հոգու մեջ էր, որ միանգամից զոհվեցին։ Երևի անօդաչուն ա խփել»,- ասում է Ռոմելլան։

Տատը հիշում է, որ վերջին անգամ թոռան հետ խոսել է հոկտեմբերի 10-ին․ «Ասեց՝ բաբո, եթե իմ հետ մի բան պատահի, չլացես»,- հուզվում է նա:

Հոկտեմբերի 10-ից հետո որևէ տեղեկություն Վահանի մասին չի լինում, ընտանիքը հույսով սպասում է, որ մի տեղից կհայտնվի։ Սակայն ամիսներ անց Վահանի զոհվելու մասին լուրը տակնուվրա է անում Առաքելյանների կյանքը։

Ռոմելլան ասում է՝ Վահանը շատ աշխատասեր էր, բոլորին միշտ օգնության էր հասնում, բոլորի մասին մտածում էր, երազում էր ծառայությունն ավարտելուց հետո տունը վերանորոգել, որն այդպես էլ կիսատ մնաց:

«Երազանքն էր, որ գնար-գար ծառայությունից տները նորոգել, երեխուս ուշքը- միտքը էդ էր, գնաց ու չեկավ… Հիմա իմ երազանքն ա, որ պետությունը օգնի, էդ տունը սարքենք, մեռնեմ, խաբարը տանեմ, ասեմ՝ պատրաստել ենք, արխային մնա»,- ցավով ասում է 63-ամյա կինը:

Ռոմելլան ասում է՝ այդքան ողբերգական դեպքերից հետո անտանելի ծանրություն է հոգում իջել, որևէ սփոփանք չի գտնում։