Հենց այս ՀԱՅՆ հանձն առավ Հայաստանում զարգացնել մանկական առաջին սրտային վիրաբուժության ծառայությունը. գիտե՞ք՝ ով է նա

Խոսքը հայ անվանի սրտաբան, կարդիովիրաբույժ Հրայր Հովակիմյանի մասին է, ով ծնվել է 1953 թվականի մայիսի 13-ին Հալեպում:

1990-ականներին, երբ ժողովուրդը պայքար էր մղում հանապազօրյա հաց հայթայթելու համար, իսկ մի մասն էլ ապաստան էր փնտրում օտար ափերում, նա հանձն առավ Հայաստանում զարգացնել մանկական առաջին սրտային վիրաբուժության ծառայությունը:
Հենց այս հայի մասնակցությամբ 1993թ. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում բացվեց մանկական սրտային վիրաբուժության բաժանմունքը, իսկ 1996 թվականին մեծահասակների սրտային վիրաբուժության բաժանմունքը:

Բնականաբար, այդ տարիներին բավականին բարդ էր ստեղծել նման բաժանմունք, որը ենթադրում էր կադրերի պատրաստում, սարքավորումների ապահովում և այլն, սակայն երբ կա նպատակ, որում ներդրված է անսահման մարդասիրություն, նվիրվածություն, բարություն, ազնվություն, ցանկացած խոչընդոտ հաղթահարելու կամք և աջակցող մարդիկ, ամեն բան հնարավոր է:

Հրայր Հովակիմյանը ջանք ու եռանդ չխնայեց փոքրիկների փրկության ծրագիրը կյանքի կոչելու համար. իր մտավոր, ֆինանսական ներուժը ներդրեց կադրերի պատրաստման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման գործում: Այդպես բաժանմունքը զարգացավ, ունեցավ բազում հաջողություններ, ձեռք բերեց միջազգային ճանաչում:
Երկու տասնամյակից ավել է, ինչ Հրայր Հովակիմյանը շարունակում է իր առաքելությունը կատարել բաժանմունքում, որտեղ այսօր արդեն աշխատում են նրա գործը շարունակող երիտասարդ հրաշալի մասնագետներ, որոնց նա փոխանցել է իր փորձն ու հմտությունները:

Տարվա որոշակի ժամանակահատված ապրելով և աշխատելով ԱՄՆ-ում` Հրայր Հովակիմյանն անընդհատ կապի մեջ է «Նորք-Մարաշ»-ի բժիշկների հետ:

Անգամ հեռավորությունը չի խանգարում բժշկին ներկա գտնվել բաժանմունքի աշխատանքների: Իսկ իր այցելությունների ժամանակ կատարում է անվճար վիրահատություններ, որոնք արդեն նախապես ծրագրված են լինում:

Երբեմն օդանավակայանից միանգամից շտապում է կենտրոն` չհանգստանալով երկարատև թռիչքից հետո. Հայաստանում գտնվելու ժամանակահատվածի ամեն րոպեն նա փորձում է արդյունավետ ծախսել, օգտակար գործ անել:

Իր յուրաքանչյուր այցելության ժամանակ վիրահատություններին զուգահեռ` նա մաստեր կլասեր է անցկացնում տեղի սրտաբանների հետ, սրտաբանության վերջին նվաճումները, նորությունները հայտնում նրանց:

Պատահական չէ, որ մի օր նա նրանց վստահեց իր սրտի վիրահատությունը…
Հրայր Հովակիմյանը մարդու այնպիսի տեսակ է, որը նախընտրում է լռել իր Մեծ գործերի մասին, հարցազրույցներ չի տալիս: Բայց որքան էլ նա լռի իր Մեծ գործերի մասին, մարդիկ խոսում ու պատմում են նրա` Մեծ հայի կերպարի մասին, իրենց հարազատների կյանքի փրկության մասին: Երևի թե հենց այսպիսին է և պետք է լինի Մեծ հայը…