«Ինձ թուրքի գնդակ չի դպչի». ճանաչենք Չաուշ անունը կրող հայազգի հերոսին

Արցախյան ազատամարտի նվիրյալներից էր Գեղազնիկ Միքայելյանը, ով ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 16-ին, Աշտարակի շրջանի Լեռնարոտ գյուղում, Արմենակի ընտանիքում:

Արմատներով սասունցի էր, պապերը մեծ ցեղասպանության ժամանակ Աշտարակի շրջան էին գաղթել Սասնա գավառի Գելիգուզան գյուղից, եւ էրգրի կարոտը միշտ վառ է եղել Գեղազնիկի հոգում: Դեռ մանկուց իր պապերից լսել է հայ մեծ ֆիդայիների սխրանքներին նվիրված երգեր, պատմություններ, որոնք էլ ավելի են ուժեղացրել սերը կորսված հայրենիքի հանդեպ, վառել վրեժի զգացողությունն ու պապերի հողը մի օր ետ բերելու փափագը:

Գեղազնիկ Միքայելյան Արմենակի (Չաուշ) : Կենսագրություններ

Արմենակի հայրը՝ Կիրակոսը , Գեւորգ Չաուշի, Մախլուտոյի, Անդրանիկի զինակիցն էր: Գեղազնիկի հայրը յոթ որդի պարգեւեց հայրենիքին: Գեղազնիկը նրանցից երրորդն էր: գյուղացիները ասում են, որ անունը շատ էր բնորոշ Գեղաազնիկին, քանի որ գեղեցիկ, շիտակ, թիկնեղ եւ սլացիկ էր, քաջակորով, ֆիդայու կեցվածքով, համարձակ, երգեցիկ եւ անուշ ձայնով ու միշտ ժպտում էր:

Գեղազնիկն ավարտել է Սասունիկի միջնակարգ դպրոցը` ստանալով գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն: Ամուսնացել է ծնունդով Մոլդովայից Էմիլյայի հետ. «Ծանոթացել ենք Բելագորոդսկում, աշխատում էինք միասին: Երբ ինձ ամուսնության առաջարկ արեց, երկար չմտածեցի, որովհետեւ շատ համակրելի էր թե՛ իր պահվածքով, թե՛ մարդկային որակներով: Մեր ընտանիքում երեք երեխա ծնվեց՝ Ալբերտը, Համլետն ու Անահիտը: Ես ազգությամբ մոլդովուհի եմ, եւ երբ նա գնաց պատերազմ, ասաց՝ մի՛ վախեցիր, եթե զոհվեմ, մեր պետությունը քեզ սատար կկանգնի»,-հիշում է Գեղազնիկի այրին, որ ամուսնու զոհվելուց հետո չլքեց գյուղը եւ մինչ օրս էլ այնտեղ է բնակվում:

Որդիներն իրենց ընտանիքների, ինչպես նաեւ մոր եւ քրոջ ապրուստը հոգալու համար մեկնել են արտերկիր:

Դուստրը՝ Անահիտը, ընդամենը մեկ տարեկան էր, երբ հայրը զոհվեց. «Դժվար է մեկ տարեկանում հայր կորցնել, ոչինչ չեմ կարող պատմել նրա մասին, ինձ բախտ չվիճակվեց վայելելու հայրական սիրո բերկրանքը, այսօր հոգիս ջերմացնում են նրա՝ ալբոմներում մնացած նկարներն ու հարազատներիս պատմածները»:

Համաժողովրդական շարժումը թեւավորեց ազնվազարմ սասունցուն, եւ նա առաջիններից էր, որ անդամագրվեց հայրենի հողի սահմանների պաշտպանության գործին: «Նա առաջնորդ էր իր խառնվածքով, խոսքը ոգեւորիչ էր, գոտեպնդող: Գեղազնիկը իր շուրջը հավաքեց ոչ միայն Սասունիկի, այլեւ հարակից շրջանների տղամարդկանց՝ հասավ մինչեւ Գավառ, Սեւան, Մարտունի, աշխարհագրությունը ընդլայնվում էր ամեն օր: Մի անգամ վերադառնում էինք Գորիսից, հասանք Մալիշկա, գյուղը կարծես քարացել էր վախից, մեկ էլ Գեղազնիկը դուրս եկավ մեքենայից, կանգնեց ճանապարհի մեջտեղում եւ սկսեց երգել: Գյուղացիները հավաքվեցին, ոգեւորվեցին, եւ վախը անհետացավ»,-պատմում է մարտական ընկեր Վրեժ Սամվելյանը: Եղբայրը՝ Կիրակոսն էլ ավելացնում է, որ Գեղազնիկը հայրենասիրական երգերը սովորել էր հոր տետրից, որը ժառանգաբար նրան էր մնացել:

Գեղազնիկ Միքայելյանը մասնակցեց Երասխի, Իջեւանի, Ոսկեպարի, Կոռնիձորի ինքնապաշտպանական մարտերին: Կոռնիձորում էլ նրան կնքեցին Չաուշ՝ հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի Գեւորգ Չաուշի անունով: Նա ահաբեկչության զոհ դարձավ 1990թ. Երևանում։ 1996 թվականին Գեղազնիկ Միքայելյանին հետմահու շնորհվեց ՀՀ ազգային հերոսի կոչում: