Կոտայքի մարզի հրաշալիքներից մեկը ․ Հավուց Թառի վանք
Հավուց Թառ վանական համալիրը հայտնի է նաև հետևյալ անվանումներով՝ Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք, Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ, Հավուց թառի Ամենափրկիչ:

Հավուց Թառը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, Գառնի գյուղից արևելք, Ազատ գետի ձախ ափին:
Վանքը եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից։ Այս վանքում 1013 թվականին Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ.: Տուժել է 1679 թվականի երկրաշարժից, իսկ վերջնականապես ավերվել 1840 թվականի Ակոռիի երկրաշարժի ժամանակ։
Վանական համալիրի տարածքում էր նաև Սուրբ Կարապետ մատուռը, որը կառուցվել է 1213 թ.։ Իսկ 1721թ-ին մատուռի ավերակների վրա, կաթողիկոս Աստվածատուրի նախաձեռնությամբ, սկսվեցին Սուրբ Կարապետ եկեղեցու կառուցման աշխատանքները, որը մնաց անավարտ:

Մխիթար Այրիվանեցու վկայությամբ, Գեղվո Գևորգ իշխանը կառուցում է Հավուց Թառը՝ 1001-1011 թվականների ժամանակամիջոցում։ Եկեղեցին ամբողջությամբ կառուցված է սև ու կարմիր տուֆի սրբատաշ քարերով՝ շախմատաձև դասավորությամբ։ Սալահատակված է եղել. տանիքը պատած է եղել սալաքարերով։
Կաթողիկեն գմբեթավոր եկեղեցի է, որի հատակագիծը արտաքուստ քիչ երկարաձիգ ուղիղ քառանկյունի է, իսկ ներսից՝ շնորհիվ անկյուններում տեղադրված խորանների, դարձել է խաչաձև՝ ուղղանկյուն խաչթևերով։
13-րդ դարից սկսած՝ հատկապես Եղիա առաջնորդի օրոք, Հավուց Թառը եղել է Այրարատ աշխարհի խոշոր կրթամշակութային կենտրոն։ Եսայու հիմնադրած դպրոցում հատուկ ուշադրություն էին դարձնում երաժշտական ուղղվածությանը. առաջնորդի ղեկավարությամբ այստեղ ձևավորվել էր երգչախումբ։ Կրթության կենտրոն լինելուց բացի Հավուց Թառը եղել է խոշոր գրչության կենտրոն։ Այստեղ կազմված ձեռագրերից հնագույնը թվագրվում է 1214 թ.-ով։
Վանքին հասնելու համար պետք է անցնել նեղ արահետով, որին հատուկ գեղեցկություն և խորհրդավորություն են հաղորդում ճանապարհին հանդիպող խաչքարերը: